Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ սպառիչ էին, որոշները՝ ոչ, հետո այլ հարցերի միջոցով սպառիչ են դարձել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հարցին՝ կարելի է արդյո՞ք այս հարցուպատասխանով ապրիլյանի հարցը համարել սպառված, Խաչատրյանն ասաց՝ ոչ, դեռ մարդիկ կան, ում պետք է լսել, գործընթացը շարունակվում է. «Երբ բոլորին լսենք, արդեն վերջնական գնահատակները կտանք»:
Հարցին՝ արդյո՞ք այս հարցուպատասխանով հիմնական մտահոգությունները փարատվեցին՝ կապված նրա հետ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիք չի եղել, նույնիսկ խոսակցություններ կային, որ պայմանավորված պատերազմ է եղել, Արմեն Խաչատրյանն ասաց, որ երբ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի, այն կհրապարակվի այնքանով, որքանով պետական գաղտնիք չի պարունակում. «Դրանից պարզ կլինի՝ որ կասկածներն են փարատվել, որոնք ոչ»:
«Ցանկացած տվյալ դեռ հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգու կողմից չի հաստատվել: Սա սովորական քննության մեթոդ է, երբ փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրներից»,-ասաց նա:





























