ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցման մասին դաշնային օրենքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:

Օրենքը վերաբերում է Ռուսաստանում մշտապես բնակվող օտարերկրացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց: Հիմա ռուսաստանցի դառնալու համար պարտադիր չէ մյուս պետության քաղաքացիությունից հրաժարվելը:

Մարդկանց համար, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում եւ բնակվում են նրա նախկին հանրապետություններում, բայց դրանց քաղաքացիություն չեն ստացել, վերացվում է մինչեւ դիմում ներկայացնելը Ռուսաստանում պարտադիր երեք տարի բնակվելու եւ եկամտի օրինական աղբյուրի հաստատման պահանջը:

Այս նույն նորմը կտարածվի Ռուսաստանի քաղաքացիների օտարերկրացի կողակիցների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում եւ ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաեւ օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացիություն ունի եւ բնակվում է Ռուսաստանում:

Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիները, որոնք Ռուսաստանում կացության իրավունք ունեն, կարող են քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել՝ առանց երկրում բնակության ժամկետի պահպանման:

Ռուսական բուհերի շրջանավարտների աշխատանքային գործունեության ժամկետը կրճատվում է մինչեւ մեկ տարի: