Հայաստանում աշխատաշուկան փոքր, է աշխատատեղերը շատ չեն եւ գործատուն առանձին դեպքերում թելադրողի դերում է  հանդես գալիս եւ դրանից օգտվելով չարաշահումներ է իրականացնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

«Մասնավորապես, գործատուները աշխատանքից ազատվելու ժամանակ վերջնահաշվարկներ չեն կատարում, աշխատավարձից անհիմն պահումներ են անում, պատշաճ չեն ծանուցումներն անում, առանց աշխատողների հետ համաձայնության նրանց այլ աշխատանքի են փոխադրում եւ այլն:

Օրինակ, նախորդ տարի Գյումրիում մի մասնավոր կազմակերպություն կար, որ աշխատաբվրձերի հետ կապված լուրջ պրոբլեմ էր հարուցել: Լենա Նազարյանն էր այդ հարցը բարձրացրել ինձ կոնկրետ: Պետք է ասեմ, որ մենք որքան էլ Աշխատանքի եւ առողջապահության տեսչության միջոցով փորձեցինք այդ հարցին անդրադառնալ պետական հնարավորությամբ, գրեթե հնարավոր չէր ոչինչ անել»,-ասաց նա՝ հավելելով, որ մեկ այլ խնդիր է այն, որ բուժաշխատողների աշխատավարձը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: