Մենք դատապարտյալի հետ անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ չենք տանում, պահում ենք խցում, հաճախ 24 ժամվա մեջ մեկ ժամ է դուրս գալիս զբոսանքի, վերջում ասում ենք՝ դու պատրաստ չես ազատ արձակման: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հետեւաբար պայմանական վաղաժամկետ ազատումը մերժվում է : Կարծում եմ՝ պետությունը իր ռեսուրսների բացակայության պատճառով ազատ արձակման մեղքը չպետք է դատապարտյալի վրա դնի: Մարդը մեղավոր չի, որ պետությունը նորմալ ռեսուրս չունի, որ մարդուն նախապատրաստի ազատ արձակման:

2019-ի տվյալները վկայում են, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմում է ներկայացրեց 1138 դատապարտյալ եւ ազատվել է 212-ը, այսինքն ընդամենը 19 տոկոսը: 81 տոկոսը մերժվել է»,-ասաց Թաթոյանը:

Նա նկատեց, որ վաղաժամկետ ազատ արձակման համար զեկույց են ներկայացնում Քրեատարողական ծառայության կենտրոնական մարմինը եւ պրոբացիոն ծառայությունը. առաջինի դեպքում դրական է միայն 10 տոկոսը, իսկ Պրոբացիոն ծառայության դեպքում 23 տոկոսը. «Պրոբացիոն ծառայությունը չպետք է այսպիսի ցուցնաիշ ունենար: Պրոբացիոն ծառայությունը ոչ թե պետք է ծեռ ծեռքի տված գնա առաջ, այլ հակակշիռ հանդիսանա»,-ընդգծեց նա: