Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 441 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող 15.0հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը, այդտեղ նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 19-ի հ.348-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 441.000.000 դրամ (չորս հարյուր քառասունմեկ միլիոն) կադաստրային արժեք ունեցող 15.0հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը»:
Նշենք, որ ներկայացվող նախագծով նախատեսվում է Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 15.0հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։
Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից տարածքում ՀՀ արդարադատության նախարարության նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Գույքի նվիրատվության մասին» հ.348-Ա որոշմամբ առաջարկվել է վերոհիշյալ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել նվիրատվության պայմանագիր:
Քննարկվող հողամասում նախատեսվում է կառուցել շուրջ 1200 լրակազմ /200 մահճակալ նախատեսվում է բուժման կարիք ունեցող անձանց համար/ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ, որտեղ տեղակայվելու են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները, քանի որ նշված քրեակատարողական հիմնարկները դարձել են ոչ պիտանի հետագա շահագործման և պայմանները խիստ անբավարար են ազատությունից զրկված անձանց համար:





























