ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջեւան քաղաքի բնակիչը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, մուտքի փայտյա դուռը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել իր տան հարեւանությամբ՝ Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող՝ առանձնատան երկրորդ հարկ: Վերջինս տան տարբեր սենյակներում առկա իրերը տեղաշարժելով՝ փնտրել է գումար եւ թանկարժեք իրեր, սակայն արժեքավոր ոչինչ չգտնելով, իր կամքից անկախ հանգամանքներով, հափշտակությունն ավարտին չի հասցրել: Այնուհետեւ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նա ձեռքին եղած կրակայրիչով հրկիզել է տունը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջեւանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1 կետով եւ 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ առերեւույթ կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:





























