Եթե հիշում եք, ավագանու ընտրությունների ժամանակ վարչապետը կոչ արեց սեւերին փռել ասֆալտին, առաջինն ինձ են պառկեցրել ասֆալտին, բայց ես վստահաբար ասում եմ, որ եթե այս շենքում կա մի քանի սպիտակ մարդ, մեկը ես եմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

«Սա ասում եմ բոլորիդ աչքերի մեջ նայելով: Դա ընդամենը թյուրիմացություն էր: Մեր կյանքում շատ թյուրիմացություններ կարան լինեն»,-ասաց նա:

ԲՀԿ-ականը դիմեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանին. «Պավել ջան, անկախ նրանից, թե մեր վարչապետն ինչ է ասել, կարծում եմ քաղաքապետարանի շենքում տեղին չէր դա ասելը: Եթե քաղաքական թափթփուկներից ենք խոսում, ես պետք է հիշեցնեմ, թե դու ում փոխարեն ես եկել ավագանի»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 26-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Արթենյանն իր ֆեյսբուքյան էջին տեղադրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի հղումը` հետեւյալ գրառմամբ. «Սա Հ. Թովմասյանի դստեր Fb-ն է: Ցույց տուր քեզ, ժողովուրդ»: Առաջացած սկանդալից հետո նա ստիպված էր վայր դնել իր մանդատը: Նրան փոխարինեց Պավել Սարգսյանը: