Ոչ, մենք որեւէ հստակ գործողություններ չենք արել կառավարելու կորոնավիրուսի ռիսկը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ «Անվտանգության գործոն» ծրագրին հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր ի լուր աշխարհի, թե կորոնավիրուսն ում շունն է, պինցիետով կբռնենք կհանենք, տնական արաղով կախտահանենք․․․ Կորոնավիրուսի վտանգն անլրջացնում էր։ Ինքն ու իր նախարարը։ Նա էլ լրագրողների հետ հանդիպմանն ասում էր, թե Հարավային Կորեայից եմ եկել, բոլորիդ կվարակեմ։ Այսինքն, հանրությունը տեսնում է երկրի քաղաքական ղեկավարներին, որոնք անլրջացնում են այդ թեման։ Եվ այսօր մենք ունենք այն քաոսային իրավիճակը, որը տիրում է Հայաստանում»։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ այդ քաոսային իրավիճակի հետեւանքն էր, որ տնտեսության որոշ ճյուղեր կանգ առան, շատ մարդիկ մնացին գործազուրկ։
«Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե երկրում օրավարձով աշխատողներ չկան, ես պնդում եմ հակառակը՝ շատերը հենց օրավարձով են աշխատում։ Եվ մարդիկ այսօր կանգնել են կոմունալ վարձերը վճարել չկարողանալու, վարկերը սպասարկել չկարողանալու, օրվա սննդի հարցը լուծելու խնդրի առաջ։ Ի սկզբանե ռիսկերի սխալ գնահատականն է բերել այս վիճակին։ Որովհետեւ որոշել էր մի ապօրինի միջոցառում անել, Սահմանադրական դատարանի անդամների լիազորությունները դադարեցնելու հանրաքվե էր կազմակերպում, հանրահավաքներ էր անում, դրանց մասնակցող մարդիկ էին վարակվում, եւ երբ տեսան վիճակն անկառավարելի է դառնում՝ հայտարարեցին արտակարգ դրություն»։
ԱԱԾ նախկին տնօրենի տպավորությամբ, արտակարգ դրության նպատակը զանգվածային լրատվամիջոցներին լռեցնելու ցանկությունն էր։
«Դժգոհություններից հետո այդ կետը հանեցին։ Արտակարգ դրությունն ու կարանտինը այս երկու ամիս է՝ կրում է ձեւական բնույթ։ Պետք է հասկանալ եւ վերլուծել, թե ինչու․ երբ հայտարարվում է արտակարգ դրություն եւ պարետը սահմանում է կարանտինային սահմանափակումներ, դրանց ապահովումը պետք է իրականացնեն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։ Եվ ես նորից պետք է կրկնեմ այն, ինչ ասացի այս հաղորդման սկզբում, թե ինչու են իրավապահները խուսափում լիարժեք կատարել իրենց պարտականությունները»։




























