Ժամանակակից աշխարհը զարգանում է անընդհատ՝ թույլ չտալով կորցնել զգոնությունն անգամ մեկ րոպեով։ Այն, ինչ անհնարին էր թվում մի քանի տարի առաջ, այժմ հասանելի է մարդկանց մեծ մասին։
Զարգացմանը զուգահեռ մեծանում են նաեւ մարտահրավերները։ Այսօր մենք կանգնած ենք բնապահպանական լրջագույն խնդիրների առաջ, որոնք վտանգում են ոչ միայն բոլորիս առողջությունը, այլ նաեւ մոլորակի ապագան առհասարակ։
21-րդ դարում մենք դեռեւս չենք կարողացել հաղթահարել աղքատության, հասանելի կրթության եւ սոցիալական բարվոք վիճակի ապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Դեռեւս կան երկրներ, որտեղ աղջիկ երեխաների համար կրթությունը մնում է երազանք, կան երկրներ, որտեղ մարդկանց շատ լուրջ տոկոս կանգնած է աղքատության սահմանին։
Այս բոլոր խնդիրները մեկ օրում չեն առաջացել եւ անհնար է դրանք լուծել հիմա եւ արագ։ Այս խնդիրներին ավելանում է նաեւ գլոբալիզացիան ու գերհարուստ խոշոր կորպորացիաների ընդլայնումը, ինչը կարծես էլ ավելի է ընդգծում տարբերությունն ու խնդրի խորությունը։
Նախորդ դարի արդյունաբերական բումը ծնեց սպառողական հասարակություն, որը հետզհետե բերեց ամենամեծ չարիքներից մեկը՝ գերսպառումը։ Մեզնից շատերն ընդունում են, որ կատարում են գնումներ ոչ թե կարիքից կամ ֆիզիկական անհրաժեշտությունից դրդված, այլ էմոցիոնալ պատրվակներով։
Վաղուց արդեն պարզ է, որ բիզնեսը հաճախ է պատրաստ ամեն ինչի՝ հանուն սեփական շահույթի։ Արհեստական պահանջարկը, թրիգերներն ու գեղեցիկ կյանք խոստացող գովազդը արել են իրենց սեւ գործը․ բիզնեսի եւ հասարակության միջեւ կապը խզվում է։
Այսօր մարդկանց շատ լուրջ տոկոս չի վստահում բիզնեսին, չի հավատում նրա բարեխղճությանը եւ բարի նպատակներին։ Կուտակվող բացասական էներգիան սպառնում է դուրս գալ բոյկոտի ու ցույցերի տեսքով։
Ի՞նչ անել, ինչպե՞ս վերականգնել այդ կարեւոր հարաբերությունները։
Ընդհանուր արժեքների ստեղծման հայեցակարգ
Պատմության ընթացքում Հարվարդի համալսարանն ապացուցել է, որ ունի կադրեր, որոնք կարող են փոխել աշխարհը։
Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսոր Մայքլ Պորտերը եւ Հարվարդի համալսարանի «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» (The CSR initiative) նախաձեռնության մասնագետ Մարկ Կրամերը 2000-ականներին հանդես են եկել հոդվածներով, որոնցով առաջ են քաշել Ընդհանուր արժեքների ստեղծման հայեցակարգը։
Ի՞նչ է ընդհանուր արժեքների հայեցակարգը․ ըստ հեղինակների՝ շուկան կարգավորվում է ոչ միայն տնտեսական, այլ նաեւ հանրային պահանջներով։ Ընդհանուր արժեքների հայեցակարգը նշանակում է, որ բիզնեսը միտված է լուծել հասարակության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրները, ընդ որում դա անել ոչ թե սոցիալական պատասխանատվության ծրագրերով, այլ ձեւափոխելով հենց բիզնեսը՝ արտադրանքի կամ ծառայության ստեղծման յուրաքանչյուր քայլում լուծելով հասակարության համար կարեւոր խնդիր։
Ըստ Պորտերի եւ Կրամերի՝ ընդհանուր արժեքի ստեղծման գործընթացը չպետք է սահմանափակվի վիճելի հարցերում միասնական նպատակ գտնելով, այլ ավելի լայն տարածվի, իսկ ընդհանուր արժեքների հայեցակարգը դառնա ընկերության մշակույթի ու բիզնեսի կազմակերպման կարեւորագույն մաս։
Սպառողների իրական պահանջների բավարարման, նորարարությունների զարգացման եւ դրանից հետեւող տնտեսական աճի համար անհրաժեշտ է ներդնել ընդհանուր արժեքների ստեղծման հայեցակարգ (ինչպես Պորտերն ու Կրամերն են ասում՝ Creating shared value (CSV)։
Ըստ հայեցակարգի հեղինակների՝ հաճախ ենք հանդիպում, երբ ընկերությունները խոսում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին, անգամ որոշակի նախագծեր են առաջ բերում՝ իրենց շահույթի մի մասը «նվիրելով» հասարակությանը։ Գործնականում էլ ընկերությունները հաճախ ոչ մի լուրջ քայլ չեն փորձում անել հասարակության համար կարեւոր խնդիրների հաղթահարման ճանապարհին։ Օրինակները բազմաթիվ են։ Բիզնեսների մեծ մասը խուսափում է հավելյալ ջանք պահանջող գործընթացներից՝ չմտածելով անգամ, որ վաղ թե ուշ սպառողների եւ հասարակության հետ հարաբերությունները քանդվելու են թղթե տնակի պես։
Համընդհանուր արժեք ստեղծելու օրինակներից մեկն է կրթությունը։ Ինչպես ցույց է տալիս փորձը՝ շատ ընկերություններ տարեկան կտրվածքով կրում են խոշոր վնասներ աշխատակիցների ցածր կրթական ցենզի պատճառով։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարում նրանց ներդրում կատարել կրթության մեջ եւ կրթական հաստատությունների հետ համատեղ ձեւավորել ավելի որակյալ մարդկային կապիտալ։ Տվյալ դեպքում բիզնես շահը չի ստորադասվում, միեւնույն ժամանակ, շահում է հասարակությունը։
Ինովացիոն լուծումները, կրեատիվությունն ու նպատակասլացությունը հնարավորություն են տալիս գտնել լրջագույն խնդիրների լուծումներ՝ հաճախ անգամ չավելացնելով, երբեմն էլ՝ կրճատելով ընկերության ծախսերը։
Ընդհանուր արժեքների ստեղծման հայեցակարգի օրինակներ
Հասարակության հետ արժեք կիսելու մոտեցումը շարունակում է խորթ մնալ բիզնեսների զգալի հատվածի համար։ Ստորեւ առանձնացված են ընդհանուր արժեքների ստեղծման հայեցակարգի հաջող օրինակներ, որոնք ոգեշնչում են փոփոխությունների։
Nestle ընկերությունը, մտահոգվելով Հնդկաստանում աղքատության բարձր ցուցանիշներով, կարողացել է ստեղծել կաթի մատակարարման այնպիսի ցանց, որը քիչ ռեսուրս է պահանջում։ Այդպես, գյուղատնտեսական շրջանների բնակիչների համար կաթը հասանելի է դարձել հասանելի գնով, իսկ լուծումը ֆինանսական բարդություններ չի առաջացրել ընկերության համար։
Mark & Spencer եւ Shell Foundation ընկերությունները տարեկան 1 մլրդ դոլարի չափով ներդրում են կատարում Հարավային Աֆրիկայի երկրներում։ Նրանք աջակցում 3000 գյուղատնտեսի էկզոտիկ բույսեր աճեցնելու, հավաքելու եւ արտահանելու հարցում։ Հայեցակարգի ճիշտ ներդրման շնորհիվ ստեղծվել են աշխատատեղեր խոցելի խմբերի համար։
Philip Morris International ընկերությունը, լինելով ծխախոտի ամենախոշոր արտադրողներից մեկը աշխարհում, կայացրել բիզնեսի համար առաջին հայացքից անտրամաբանական որոշում․ ընդհանրապես հրաժարվել սիգարետի արտադրությունից։ 12 տարվա ընթացքում ընկերությունը մոտ 7 մլրդ դոլարի ներդրում է արել՝ մշակելու նիկոտին մատակարարող ավելի լավ տարբերակ այն մարդկանց համար, ովքեր չեն պատրաստվում հրաժարվել ծխելուց։ Արդյունքը դարձավ IQOS ծխախոտի տաքացման համակարգը, որի բացասական ազդեցությունը սիգարետի համեմատ նվազեցված է։ Ընկերությունը շեշտում է՝ լավագույն տարբերակը ծխելը թողնելն է, բայց եթե չի հաջողվում, կարելի է նվազեցնել ռիսկերը՝ անցնելով առանց այրման աշխատող ցանկացած արտադրատեսակի։ Ծխախոտային ընկերության համար սեփական բիզնեսից հրաժարվելն ու նոր՝ ավելի քիչ վնասակար արտադրանքի հենքով ապագան կառուցելը ոչ այլ ինչ է, քան հասարակության հետ համընդհանուր արժեք կիսելու դրսեւորում։
Համաշխարհային General Electric Company-ն կրճատել է ջերմոցային գազերի արտանետումը 22 %-ով, ջրի օգտագործումը՝ 30 %-ով՝ արդյունքում խնայելով 130 մլն դոլար։ Կարեւորելով էկոլոգիայի պահպանումը՝ ընկերությունը կարողացել է խնայողության շնորհիվ անգամ ֆինանսական շահույթ ունենալ: Համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի օրինակով պարզ է դառնում, որ բնապահպանական խնդիրներով մտահոգվելու դեպքում հնարավոր է համատեղել ֆինանսական ծախսերի խնայողությունն ու սոցիալական պատասխանատվությունը:
Բանավեճները բիզնեսի նպատակների շուրջ երբեք չեն դադարի։ Բիզնեսը պետք է միայն ֆինանսական շահո՞ւյթ բերի, թե՞ օգտակար լինի նաեւ հասարակության համար։ Կատարյալ տարբերակ է, որ այս երկուսը համատեղվեն՝ ծառայելով մեծ գաղափարին, բարձր ու հասարակության հետ համընդհանուր արժեքներին։ Ի վերջո, հաճախորդակենտրոն լինելը հենց դա է նշանակում։
Գործընկերական նյութ։




























