Նորվեգիան 1 միլիարդ եվրո կհատկացնի ամբողջ աշխարհում COVID-19-ի, ինչպես նաեւ այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի տարածմանն աջակցելու համար։

Եվրամիության կողմից անցկացված դոնորների համաժողովի ընթացքում Օսլոն իր վրա է վերցրել 7,5 միլիարդ եվրո հավաքելու պարտավորությունը՝ նոր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած շնչառական հիվանդությունների թեսթավորման, բուժման եւ կանխարգելման համար։

Նորվեգիան, որը ԵՄ անդամ չէ, միջոցառման համանախագահող է`որպես համաշխարհային առողջապահական նախաձեռնությունների վաղեմի հովանավոր: «Սա գլոբալ խնդիր է, որը ընդհանուր լուծումների կարիք ունի, եւ այստեղ վերջին տեղում չէ բաշխման հարցը, որպեսզի յուրաքանչյուրը հասանելիություն ունենա պատվաստանյութին»,- համաժողովից առաջ Reuters-ին տված հարցազրույցում ասել է Սոլբերգը:

1 մլրդ դոլարը կփոխանցվի Պատվաստանյութերի եւ իմունիզացիայի հարցերով գլոբալ դաշինքին՝ որպես 2021-2030թթ․ ուղիղ ֆինանսավորում։ Նորվեգիան ՊԻԳԴ-ը ֆինանսավորում է 2000թ․ դրա ստեղծման պահից։

Սոլբերգն ասել է, թե ափսոսում է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը: Նա նշել է, որ արեւմտյան երկրների շահերից է բխում զարգացող երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելը՝ առավել երկարաժամկետ խնդիրները կանխելու համար: «Առանց դեղերի եւ (հնարավոր) պատվաստանյութերի կլինեն մեծ տնտեսական դժվարություններ, անվտանգության եւ շրջակա միջավայրի ավելի լուրջ խնդիրներ, ինչպես նաեւ միգրացիայի խնդիրներ»,- ասել է նա:

Օսլոն նաեւ ԱՀԿ-ին լրացուցիչ 50 միլիոն դոլար կտրամադրի՝ ի լրումն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի սովորական ֆինանսավորմանը։