Թրամփի վարչակազմը Լուսնի վրա ռեսուրսների արդյունահանման իրավական ծրագիր է մշակում՝ Artemis Accords անվանումով նոր միջազգային համաձայնագրին համապատասխան, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Համաձայնագիրը հաջորդ տասնամյակների ընթացքում Լուսին մարդկանց եւ տիեզերական կայաններ տանելու NASA-ի ծրագրի շուրջ դաշնակիցներ գտնելու փորձ կդառնա եւ կբարձրացնի քաղաքացիական տիեզերական գործակալության դերը ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ։ Ծրագրի նախագիծը պաշտոնապես դեռեւս չի հանձնվել ԱՄՆ-ի դաշնակիցներին։

Թրամփի վարչակազմը եւ մյուս տիեզերական տերությունները Լուսինը դիտարկում են որպես տիեզերքում էական ռազմավարական ակտիվ։ Լուսինը նաեւ նշանակություն ունի երկարաժամկետ գիտական հետազոտությունների համար, որոնք կարող էին դեպի Մարս ապագա առաքելությունների հնարավորություն ապահովել։

Համաձայնագիրը առաջարկում է «անվտանգության գոտիներ», որոնք կշրջապատեն լուսնային ապագա բազաները, որպեսզի կանխեն վնասը կամ անմիջական հարեւանությամբ գործող մրցակից երկրների կողմից խափանումները։

Աղբյուրները հայտնում են, որ փաթեթը նաեւ ուղղված է նրան, որպեսզի միջազգային իրավունքի շրջանակներում հիմք ապահովի ընկերութունների կողմից իրենց արդյունահանած ռեսուրսներին տիրանալու համար։

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ պաշտոնյաները ծրագրում են համաձայնագրերի մասին պաշտոնապես պայմանավորվել տիեզերական գործընկերների հետ, ինչպիսիք են Կանադան, Ճապոնիան եւ եվրոպական երկրները, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ սկսելով բանակցություններ Թրամփի վարչակազմի կողմից «համամիտ» համարվող երկրների հետ։

Աղբյուրների տվյալներով, միջազգային տիեզերական կայանի ծրագրով NASA-ի գործընկեր հանդիսացող Ռուսաստանը չի պատկանում այդ երկրների ցանկին, քանի որ Պենտագոնն անհանգստացած է մերձմոլորակային տարածքում ամերիկյան արբանյակների նկատմամբ ռւսական արբանյակների «սպառնալից» մանեւրումներից։

Միացյալ Նահանգները հանդիսանում է Տիեզերքի վերաբերյալ 1967թ․ պայմանագրի մասնակից եւ «անվտանգության գոտիները» դիտարկում է որպես քննարկվող հոդվածներից մեկի իրացում։ Դրանում ասվում է, որ երկնային մարմինները եւ Լուսինը «ենթակա չեն ազգային յուրացման»։

«Դա ինչ-որ մի տարածքային հայց չէ»,- ասել է աղբյուրներից մեկը։ Նրա խոսքերով, անվտանգության գոտիները, որոնց չափսերը կտատանվեն գործողությունից կախված, հնարավորություն կտան տիեզերական մարմինների միջեւ հավասարակշռություն իրականացնել՝ չհամարելով տարածքը տեխնիկապես ինքնավար։ «Գաղափարի էությունն այն է, որ եթե դուք մոտեցել եք որեւէ մեկի գործողությանը եւ նրանք իրենց շուրջ հայտարարել են անվտանգության գոտի, ապա անհրաժեշտ է, որ դուք նախօրոք կապվեք նրանց հետ, խորհրդակցեք եւ պարզեք, թե ինչպես կարելի է բոլորի համար դա անվտանգ անել»։

Քանի որ երկրներն ավելի հաճախ են սկսել տիեզերքը դիտարկել որպես նոր ռազմական դոմեն, ԱՄՆ-ի գլխավորած համաձայնագիրը նույնպես արտացոլում է NASA-ի աճող դերը՝ որպես ամերիկյան դիվանագիտության գործիքի, եւ ակնկալվում է, որ համաձայնագիրը վեճերի տեղիք կտա Վաշինգտոնի մրցակիցների շրջանում, օրինակ՝ Չինաստանում։

2015-ին ԱՄՆ-ը ընդունել է օրենք, որը ընկերություններին տիեզերական տարածքում ստացած ռեսուրսների հանդեպ սեփականության իրավունք է տալիս, սակայն միջազգային հանրությունում նման օրենքներ գոյություն չունեն։