Հաղթանակի օրվա նախաշեմին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ հարցազրույցում պատմել է, թե այն ինչ է նշանակում Ռուսաստանի եւ Հայաստանի, նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ժողովուրդների համար, որը 75 տարի առաջ հաղթել է Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտի արդյունքները վերանայելու ժամանակակից փորձերի անթույլատրելության մասին:

Պարո՛ն Դեսպան, ի՞նչ նշանակություն ունի Հաղթանակի օրը Հայաստանի եւ Ռուսաստանի եւ անձամբ Ձեզ համար:

Նախեւառաջ կցանկանայի շեշտել, որ Հաղթանակը համաշխարհային պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է՝ անկախ նրանից, թե դա որեւէ մեկը ցանկանում է ընդունել, թե ոչ: Սա հաղթանակ է ո՛չ Գերմանիայի եւ նրա դաշնակիցների, ո՛չ Ճապոնիայի նկատմամբ, այլ մարդատյատության ու ստրկացման բնազդների եւ գաղափարախոսության նկատմամբ։ Ընդ որում՝ դրանք մարմնավորված էին այդ ժամանակ, թերեւս, ամենահզոր եւ կազմակերպված ռազմական մեքենայի եւ մարդկանց զանգվածային ոչնչացման դաժան մեխանիզմի մեջ:

Չգիտեմ, գիտակցո՞ւմ են արդյոք նրանք, որոնք, կասկածի տակ դնելով Մեծ Հաղթանակը, այսօր փորձում են վերաշարադրել պատմությունը, որ հենց դրա շնորհիվ են իրենք այսօր ապրում եւ կարող են իրենց թույլ տալ նման «ազատություններ»:

Հաղթանակը հնարավորություն տվեց ձեւավորելու նոր աշխարհակարգ՝ հիմնավորված հանուն խաղաղության, հավաքական անվտանգության եւ զարգացման համագործակցությունում միավորված ազգերի գաղափարի վրա։ Եվ այն, որ այսօրվա աշխարհը, մեղմ ասած, անթերի չէ, բոլորովին չի նվազեցնում այն քայլերի նշանակությունը, որոնք ձեռնարկվել էին այդ ուղղությամբ՝ ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը:

Այս ամենն ամբողջ աշխարհի եւ, իհարկե, մեր երկու երկրների նվաճումն է: Բայց սարսափելի պատերազմի հիմնական բեռը իր ուսերին կրած նախկին Խորհրդային Միության, ռուսների եւ հայերի, ինչպես եւ Միության մյուս ժողովուրդների համար Հաղթանակն ունի նաեւ լրացուցիչ «հարթություն»: Մենք ոչ միայն սգում ենք զոհվածների համար, այլեւ հպարտանում ենք նրանցով, որոնք գլուխ չեն կախել, չեն «խոնարհվել» չարի առաջ եւ ոչ միայն իրենց համար են նվաճել կյանքի եւ արժանապատվության իրավունք։ Մեզանից շատերի համար սա խորապես անձնական է, քանի որ մեր երկրներում, թերեւս, գործնականում չկա որեւէ ընտանիք, որին պատերազմը դիպած չլիներ: Այս առումով շատ հատկանշական է «Անմահ գունդ» ակցիան, ինչպես հատկանշական է մեր հարգալից եւ հոգատար վերաբերմունքը վետերաններին եւ զոհերի հիշատակին։

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հիմնական դասեր քաղեց աշխարհը Հայրենական մեծ պատերազմի սարսափելի իրադարձություններից։

Հիմնական դասերից մեկը, որը մարդկությունը քաղել է Մեծ հայրենական պատերազմի ողբերգությունից, դա այն ընկալումն է, որ միջազգային անվտանգության համակարգը կարող է լինել միայն կոլեկտիվ, հավասար եւ անբաժանելի, որ չի կարելի կառուցել սեփական անվտանգությունը` այլ պետության անվտանգությունը անտեսելու կամ խաթարելու հաշվին: Վառ օրինակ կարող է ծառայել նախապատերազմական շրջանում արեւմտյան մի շարք տերությունների, այսպես կոչված, «խաղաղեցման քաղաքականությունը»: Դրա ապոթեոզ դարձավ 1938 թվականի «Մյունխենի դավաճանությունը», երբ սակարկության քաղաքականության հերթական զոհը դարձավ Չեխոսլովակիան, իսկ հենց ագրեսորի ախորժակը բավարարելու եւ նրան դեպի արեւելք ուղղորդելու ձգտումը դարձավ պատերազմի բռնկման նախերգանք: Նոր համակարգը եւ պատերազմից հետո ձեւավորված աշխարհակարգը սատարելու համար ստեղծվեցին միջազգային ինստիտուտներ, որոնց ակունքում կանգնած էր նաեւ ԽՍՀՄ-ը:

Այս համատեքստում, ինչպես ինձ է թվում, պետք չէ մոռանալ եւս մեկ դասի մասին, որը մեզ տվել է Մեծ հայրենական պատերազմը: Դա այն է, որ ընդհանուր, համաշխարհային սպառնալիքները միշտ պահանջում են համակարգված, համատեղ պատասխան գործողություններ: Միայն միավորելով ջանքերը, հարգելով եւ հաշվի առնելով միմյանց շահերը՝ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Ներկայիս միջազգային իրավիճակը ցույց է տալիս, որ պատերազմի փորձը եւ դասերը այսօր էլ շարունակում են մնալ արդիական: Ռուսաստանն իր կողմից կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն սարսափելի իրադարձությունները, որոնք վերապրեց մարդկությունը անցած դարի կեսերին, այլեւս չկրկնվեն ապագայում:

Ինչպես հայտնի է, Հաղթանակը թրծվում էր ոչ միայն ռազմադաշտերում, այլեւ բանակցային սեղանների շուրջ: Ինչպե՞ս կգնահատեք խորհրդային դիվանագիտության գործողությունները Մեծ հայրենական պատերազմի տարիներին:

Կցանկանայի սկսել նրանից, որ դեռ նախապատերազմական շրջանում խորհրդային ղեկավարությունը մի շարք քաղաքական եւ դիվանագիտական քայլեր էր ձեռնարկել` կանխելու համար նացիստական Գերմանիայի կողմից հնարավոր ագրեսիան: Դրանց թվում է նաեւ ԽՍՀՄ նախաձեռնությամբ կայացած հանդիպումը, որի ժամանակ հնչել է առաջարկություն՝ կնքելու Խորհրդային Միության, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ փոխօգնության եռակողմ համաձայնագիր: Սակայն «խաղաղարարների» եսասիրական քաղաքականությունը ոչ միայն խանգարեց դրան, այլեւ աշխարհը հասցրեց վտանգավոր եզրի: Այդ պայմաններում ԽՍՀՄ-ը ստիպված էր գործել ինքնուրույն եւ ժամանակ ապահովել իրեն ակնհայտորեն անխուսափելիին պատրաստվելու համար:

Գերմանիայի դավադիր հարձակումից անմիջապես հետո խորհրդային դիվանագիտության խնդիրն էր դաշնակիցների ճամբարի ստեղծումը, ինչպես նաեւ նրանց՝ պարտականությունների ժամանակին եւ հետեւողական կատարման ապահովումը: Մասնավորապես, դա վերաբերում էր զենք մատակարարարելուն, Երկրորդ ճակատը բացելուն եւ հակառակորդի հետ անջատ բանակցություններ վարելուց հրաժարվելուն:

Չնայած խորհրդային ղեկավարության եւ դիվանագետների բոլոր ջանքերին՝ ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ ԱՄՆ-ը չէին շտապում իրական օգնություն ցուցաբերել ԽՍՀՄ-ին: Հատկանշական է, որ առաջին անգամ Երկրորդ ճակատի անհրաժեշտության հարցը դրվեց դեռ 1941-ի հուլիսին, իսկ Նորմանդիայում անգլո-ամերիկյան զորքերի ափհանումը տեղի ունեցավ միայն 1944 թվականի հունիսին:

Պատերազմական տարիների խորհրդային դիվանագիտության պատմության մեջ առանձնանում են Մեծ եռյակի երկրների առաջնորդների հանդիպումները: Նման ձեւաչափով կայացել է երեք կոնֆերանս՝ Թեհրանի՝ 1943 թվականին, Յալթայի եւ Պոտսդամի՝ 1945 թվականին։ Դրանք ցույց տվեցին, որ քաղաքական կամքի առկայության դեպքում, չնայած այս կամ այն, նույնիսկ կարեւոր խնդրի վերաբերյալ տեսակետների տարաձայնությանը, մեծ տերությունները ունակ են միասին գործելու: Այդ հանդիպումներում ընդունված որոշումների իրականացումը դիվանագետներից պահանջում էր ձեռնարկել ակտիվ գործողություններ բոլոր ուղղություններով՝ բոլոր հիմնարար միջդաշնակցային փաստաթղթերը մշակելիս, հիտլերյան կոալիցիայի երկրները պատերազմից դուրս բերելու գործում դաշնակիցների քաղաքական մոտեցումները համակարգելիս, Եվրոպայի ազատագրված երկրների հետ հարաբերությունները կարգավորելիս եւ այլն:

Իհարկե, չի կարելի անտեսել խորհրդային դիվանագիտության կարեւոր դերը նաեւ հետպատերազմյան աշխարհակարգի ձեւավորման գործում: Մեծապես դրա ահռելի ջանքերի շնորհիվ դրվեցին ժամանակակից աշխարհակարգի հիմքերը, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ եւ, անկասկած, պահպանում են իրենց արդիականությունը նաեւ այսօր:

Այսօր ակնհայտ են պատմությունը վերաշարադրելու, ֆաշիզմի դեմ հաղթանակում Խորհրդային Միության ժողովուրդների դերը նսեմացնելու փորձերը։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են դրանք պայմանավորված։ Եվ ի՞նչպիսին է մեր երկրների դիրքորոշումը նման մտադրությունների նկատմամբ:

Պատմությունը հիմքն է՝ ընկած յուրաքանչյուր պետության եւ այն բնակեցնող ժողովրդի ակունքում։ Հիմքում կատարվող ցանկացած փոփոխություն կարող է ինչպես ամրացնել այն, այնպես էլ խարխլել՝ ընդհուպ մինչեւ ամբողջական կործանում: Բնական է, որ մի շարք արտաքին խաղացողների գործողությունները, որոնք Ռուսաստանի նկատմամբ բնավ ոչ բարեկամական դիրքորոշում ունեն, ուղղված են հենց այդ հիմքի ապակայունացմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարեգրության մեջ իրենց «ճշմարտությունը» լրագրելու երկչոտ փորձերից, որոնք ձեռնարկվել են դեռեւս անցյալ դարի երկրորդ կեսին, այդ ուժերն անցել են պատմական տարեգրության ամբողջական խմբագրման ավելի ագրեսիվ մարտավարության՝ իրենց համար շահավետ ձեւով: Այսօր կոնյունկտուրային շահերի զոհը սպառնում է դառնալ մեր ընդհանուր հիշողությունը, ընդհանուր պատմությունը։ Օրինակ՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են ձգտում նացիզմի ջախջախման գործում նվազեցնել Խորհրդային Միության դերը, որն, ի դեպ, ոչնչացրել է վերմախտի զորքերի 80 տոկոսը։ Ականատեսն ենք Նյուրնբերգյան տրիբունալի արդյունքները վերանայելու ձգտմանը, որի ժամանակ դատապարտվել են մարդկության դեմ հանցագործություններ իրականացնողները։ Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը, ընդհանուր առմամբ, որքան ավելի պատկառելի են դառնում տարեդարձների թվերը, այնքան ավելի հաճախ ենք ստիպված լինում բախվել պատմական անհիշողության հետ։

Նրանք, ովքեր փորձում են պարտադրել իրենց, «նորացված», իրադարձությունների վարկածը, հավանաբար, ցանկանում են կասկած սերմանել հասարակության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված եւ ՄԱԿ-ի Կանոնադրությունում ամրագրված աշխարհաձեւավորման վերաբերյալ, ընդ որում՝ իրենց իսկ մասնակցությամբ։ Դա արվում է, որդեգրած կուրսն ամրապնդելու համար, նոր աշխարհակարգի պարտադրման նպատակով՝ «հիմնված կանոնների վրա», որոնք, իհարկե, նախաձեռնողներն իրենք են ուզում շարադրել։

Վերադառնալով պատմական հիմքին՝ այն կարող ենք ամրապնդել միայն մենք։ Եվ մենք ուրախ ենք, որ այս դժվարին ժամանակներում այն հուսալի հիմք է ծառայում ոչ միայն մեզ համար, այլ նաեւ մեր եղբայրական եւ դաշնակից պետությունների համար։ Մենք տեսնում ենք, թե ինչ խնամքով են Հայաստանում վերաբերվում պատմությանը։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը հայ-ռուսական բարեկամության եւ մարտական փոխգործակցության օրինակներից մեկն է դարձել։ Ինչպե՞ս եք գնահատում հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակում:

Անշուշտ, հայ ժողովուրդն իր բավականին զգալի ներդրումն է ունեցել ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր Հաղթանակում։ Ռազմաճակատ է մեկնել Հայկական ԽՍՀ բնակչության 20%-ը, ինչն, ի դեպ, Խորհրդային Միության հանրապետությունների շարքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է հանդիսանում։ Ընդհանուր մարտերին մոտ 600 հազար հայ է մասնակցել, որոնցից կեսը տուն չի վերադարձել։ Հայրենական մեծ պատերազմի բոլոր ճակատներում մարտական գործողությունները ղեկավարել են ավելի քան 60 հայ զորահրամանատարներ։ Ավելի քան 100 զինվոր ու սպա ստացան Խորհրդային Միության հերոսի կոչում։ Խորհրդային մարշալների` հայկական հողի զավակների անուններն ընդմիշտ գրվել են պատմության մեջ։ Ականավոր զորավար, Խորհրդային միության մարշալ Գեորգի Ժուկովն ասել է. «Ֆաշիզմի դեմ պայքարում հայերը՝ շարքայինից մինչեւ մարշալ, իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով»:

Իմ կարծիքով, Հաղթանակը հնարավոր դարձավ, մեծապես մեր ժողովուրդների հոգեւոր մտերմության շնորհիվ։ Այն մեր ընդհանուր մշակութային ժառանգության, ընդհանուր արժեհամակարգի անբաժանելի մասն է հանդիսանում։ Ուրախալի է, որ նրա մասին հիշողությունը մեզ հաջողվել է եւ հաջողվում է պահպանել ու տանել ժամանակի միջով։

Ի՞նչ կմաղթեիք մեր ժողովուրդներին այդ օրը:

Այդ օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն հերոսներին, ովքեր ուս ուսի արիաբար պայքարում էին մարտի դաշտում զավթիչների դեմ ՝ պայքարելով հանուն Հաղթանակի, կամ անձնուրաց աշխատում էին հանուն նրա՝ թիկունքում։ Մեզ բոլորիս ուզում եմ ցանկանալ արժանի լինել նրանց Սխրանքին։ Եվ, իհարկե, խաղաղ երկինք գլխավերեւում: