ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանրապետությունում շինարարական աշխատանքներում պոտենցիալ աշխատանքային միգրանտների ներգրավման գործընթաց է նախաձեռնել: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Այս կապակցությամբ նա տեղեկացրեց, որ մարզպետներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել Հայաստանի համայնքներում առկա աշխատանքային ներուժը բացայտելու համար, որը պատրաստ է մասնակցել առաջիկա շինարարական աշխատանքներին: «Քաղաքացիների առկա ցուցակները կներկայացվեն շինարարական ընկերություններին, որոնք պլանավորում են շինարարական աշխատանքներ իրականացնել այս տարի»,- պարզաբանեց Պապիկյանը:
Նախարարը հայտնեց նաեւ, որ նախօրեին Գեղարքունիքի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջին ներկայացրել է շինարարական աշխատանքներին մասնակցելու հայտ ներկայացնելու ձեւը: Այս կապակցությամբ նա հույս հայտնեց, որ Հայաստանի մյուս մարզերը կհետեւեն այս օրինակին: «Այս մոտեցման շնորհիվ մենք կկարողանանք բացահայտել առկա ներուժը եւ ուղղել այն շինարարական ընկերություններ»,- նշեց Սուրեն Պապիկյանը:





























