Յելոուսթոնի ազգային պարկը, որը գտնվում է ԱՄՆ-ի Վայոմինգ, Մոնտանա եւ Այդահո նահանգների տարածքում, մայիսի 18-ից մասնակիորեն բաց կլինի, նշվում է ԱՄՆ ազգային պարկերի ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարկը փակվել էր մարտի 24-ին՝ Մոնտանա եւ Վայոմինգ նահանգներում կորոնավիրուսի բռնկման պատճառով: «Սպիտակ տան, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների եւ պետական ​​ու տեղական իշխանությունների հրահանգների համաձայն՝ Յելոուսթոնի ազգային պարկը սահմանափակ հիմունքներով կբացվի մայիսի 18-ին»,- նշվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այգու տնօրինությունը եռաստիճան պլան է նախապատրաստել դրա բացման համար, մայիսի 18-ից կբացվեն Վայոմինգի հարավային եւ արևելյան մուտքերը, այցելուները հնարավորություն կունենան օգտվել զուգարաններից, բենզալցակայաններից, ինքնասպասարկման կայաններից եւ մի ՇՐ ՅԼ բյեկտներից, որոնց բացումը նախատեսված է առաջին փուլում:

Մոնտանայի եւ Այդահոյի կողմից մուտքը դեպի պարկ դեռ փակ է մնալու՝ այս երկու նահանգներում գործող սահմանափակումների պատճառով:

Յելոուսթոնի ազգային պարկն ամբողջ աշխարհում հայտնի է իր ջերմային աղբյուրներով եւ գեյզերներով, եզակի բուսական եւ կենդանական աշխարհով: Այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: