Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր՝ մայիսի 14–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշմանը։ Նա մասնավորապես նշել է.
«1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։
2. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։
3. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է։
ՀԳ․ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետին՝ այս պատասխանատու ժամանակաշրջանում ինձ այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար»։
Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը: Նա չցանկացավ հայտնել, թե ինչն է պատճառ հանդիսացել ազատման դիմում գրելու. «Առաջիկայում կմանրամասնեմ»։
Նշենք, որ Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականին։




























