Հայ տուրօպերատորները հույս ունեն, որ հանրապետության իշխանությունները ժամանակին կընդունեն երկրում զբոսաշրջության ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ մեխանիզմները: Այս մասին մայիսի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, ասաց Anriva Tour ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը:
Ըստ նրա, դա կախված է ոչ միայն Հայաստանի իմիջից աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա, այլեւ՝ ոլորտի զարգացումից: Ստամբուլյանը որպես օրինակ նշեց Վրաստանը, որտեղ, նրա կարծիքով, պատկերը պարզ է: «Հարեւան երկիրը հուլիսի 1-ից բացում է իր դռները օտարերկրյա զբոսաշրջիկների առջեւ: Հատկապես հարցը վերաբերում է տարածաշրջանային փաթեթներին: Մեր արտասահմանյան գործընկերները հարցնում են, օրինակ, խումբը չորս օրով կգա Վրաստան, ի՞սկ Հայաստանը, հետո ի՞նչ», - ասաց տուրիստական ընկերության տնօրենը:
Նա նշեց, որ ինքը, ինչպես եւ իր մյուս գործընկերները, այս հարցի պատասխանը չունի: Եվ եթե այս իրավիճակը որոշ ժամանակ շարունակվի, ապա ոլորտը հսկայական կորուստներ կկրի:
Հիշեցնենք, որ Հայաստանում վարակվածների թիվը գերազանցել է 5 հազարը: Վրաստանում առավելագույնը հազար կորոնավիրուսով վարակված կա:


























