Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան հայտնել է, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից նոր կորոնավիրուսից բուժվելուց հետո: «Թեստերը բացասական են: Ես առողջ եմ»,- հայտնել է նա «Ինտերֆաքս»-ին:
Նավկան հավելել է, որ իր ամուսինը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում մոտ եւս COVID-19-ն էր ախտորոշվել, շարունակում է մնալ հիվանդանոցում, բայց ապաքինվում է:
Դմիտրի Պեսկովի եւ Տատյանա Նավկայի՝ կորոնավիրուսով վարակման մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին:
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կորոնավիրուս էր հայտնաբերվել, մասնավորապես, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ: Նա հիվանդ էր ապրիլի 30-ից մայիսի 19-ը, ինչից հետո վերադարձավ աշխատանքի: Հիվանդությունն ախտորոշվել է նաեւ ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի եւ կրթության եւ գիտության նախարար Վալերի Ֆալկովի մոտ: Երկու պաշտոնյաներն էլ ապաքինվել են:




























