Մինչ Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից՝ հայկական պանրագործությունն ակնհայտորեն գլորվում է դեպի ճգնաժամ։ Դա նկատած կլինեն խանութներից պանիր գնած քաղաքացիները՝ պանրի որակն ակնհայտորեն ընկել է, այն պարզապես ավելի ջրալի է դարձել։ Հավանաբար այդ կերպ պանրագործարանները փորձում են «պայքարել» պանրի թանկացման դեմ՝ արհեստականորեն բարձրացնելով քաշը։
Պաշտոնական վիճակագրությունը եւս լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանից պանրի արտահանումը նվազել է, իսկ ներմուծումն՝ ավելացել։
Ըստ մաքսային վիճակագրության՝ 2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 40 տոննա պանիր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50 տոննայի համեմատ։ Միեւնույն ժամանակ՝ ներմուծվել է 220 տոննա պանիր՝ նախորդ տարվա 147 տոննայի համեմատ։ Ընդ որում՝ պանրի ներմուծման կառուցվածքում տեղի է ունեցել էական որակական փոփոխություն։ Եթե նախկինում Հայաստանը ներմուծում էր բացառապես թանկ եւ հայտնի տեսակների պանիրներ (գերմանական, շվեյցարական, ֆրանսիական արտադրության), ապա ներկայում մեծ քանակությամբ էժան պանիր է ներկրվում Բուլղարիայից եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից։ Ընդսմին՝ բուլղարական պանիրը գնային տեսանկյունից ավելի մրցունակ է, քան հայկականը։ Եթե այս միտումները պահպանվեն, ապա հայկական պանրագործությունը ոչ միայն կկորցնի արտաքին շուկաները, այլեւ՝ ներքին շուկան։
Նշենք, որ ըստ ազգային վիճակագրության՝ Հայաստանը ամսական սպառում է մոտ 1000 տոննա պանիր, որի 90 տոկոսը առայժմ բավարարվում է տեղական արտադրության հաշվին։
Սամվել Ավագյան





























