Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր` մայիսի 4-ին «օգնություն» է բաժանել Հայրենական Մեծ պատերազմի մասնակից գյումրեցի վետերաններին` յուրաքանչյուրին 20-հազարական դրամ, բայց նրանք դժգոհ են իրենց վիճակից եւ ուզում են արժանապատիվ կյանքով ապրել:

«Մեզ օգնություն պետք չէ, հասկանում եք` գնացել ենք կռվել, վիրավորվել, մեզ օգնություն են տալիս: Կարիքն ունենք, դրա համար չենք հրաժարվում, վերցնում ենք, բայց վիրավորական է, օգնությունս ո՞րն է, մենք հիմա այնպես պիտի ապրեինք, որ …»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել 90-ամյա վետերան Մալական Ծատուրյանը:

«Հյուսիսային Կովկասում եմ եղել, քույր եմ եղել, վիրավորվել եմ ոտքից, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց ի՞նչ: Հայաստանում 20 հազար դրամ է վետերանի պատվովճարը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծիծաղելի է»,-իր հերթին դժգոհել է Հայկանուշ Գեւորգյանը`շարունակելով, որ Հայաստանում առհասարակ անհոգ ծերություն ապահոված չէ, այդ թվում նաեւ վետերանների համար:

«Ռուսաստանում, տուն, մեքենա, ինչ ասես տալիս են, առանց այն էլ քիչ ենք, 140 վետերան է մնացել Գյումրիում: Հայաստանում հազիվ մի 2000 վետերան լինի, չեն ամաչո՞ւմ: Ինչ է, Խորհրդային Միությունը գնաց-կորավ, կարող է գիտեք մեր վերքերն էլ տեղն եկա՞ն, բա ո՞ւմ համար կռվեցինք, մի հեծանիվ էլ չեն տալիս»,-իր հերթին դժգոհել է Վասպուրական Ղազարանը: