Արդեն 2 օր է, ինչ Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային բաժնում մարդկային կուտակումներ ու հրմշտոց է: Կառավարության մարտի 24-ի որոշմամբ, կենտրոնի աշխատակիցները պահանջում են քաղաքացիներից փաստաթղթեր, որպեսզի վերացնեն մինչ այդ եղած փաստաթղթային անճշտությունները: Թոշակառուներից պահանջում են ներկայացնել անձնագրի, սոցիալական քարտերի պատճեններ` բնօրինակների հետ, համապատասխան տեղեկանք ստանալու համար, որից հետո միայն նրանք կկարողանան ստանալ կենսաթոշակները:
Այն հանգամանքը, որ այս մասին նախապես չեն զգուշացրել թոշակառուներին, զայրացրել է նրանց: «Մեզանից շատերը տարեցներ ու հաշմանդամներ են, առողջական լուրջ խնդիրներ ունենք, ի վիճակի՞ ենք, արդյոք, ժամեր շարունակ հերթ կանգնել: Ինչո՞ւ ենք մենք տուժելու կառավարության վարած այս քաղաքականության արդյունքում»,-դժգոհել են հավաքված գյումրեցինեըը:
«Ոչնչով չենք կարող օգնել, բացի վալիդոլից ու աթոռից, ովքեր շատ վատ են, թող մոտենան մեզ, կօգնենք»,-զայրացած գյումրեցիներին այսպես է հանգստացրել Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանը:





























