Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2011թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրանքի ծավալը արդյունաբերության միկրո ձեռնարկություններում կրճատվել է 36 տոկոսով:
Հիշեցնենք, որ արդյունաբերությունում «միկրո ձեռնարկություն» են համարվում այն արտադրամասերը, որոնց աշխատողների թիվը չի գերազանցում հինգը: «Փոքր ձեռնարկության» կարգավիճակի համար պահանջվում է արդյունաբերական արտադրական անձնակազմում ունենալ 6-ից 50 մարդ, միջինի համար անհրաժեշտ է 51-ից 100 մարդ, իսկ խոշորի համար` 101-ից ավելի:
Ազգային վիճակագրական ծառայության դիտարկումը ներառել է արդյունաբերության 1916 ձեռնարկություն, այդ թվում էներգետիկայի եւ ջրամատակարարման ոլորտում: Այդ 1916-ից 783-ը համապատասխանել են «միկրո» կարգավիճակին:
Այդպիսով, ընդհանուր արդյուանբերության 41 տոկոսը կազմում են միկրո ձեռնարկություններ: Իսկ խոշորների բաժինը կազմում է ընդամենը 5,7 տոկոս: Պատկերը կտրուկ փոխվում է արտադրության ծավալը դիտարկելիս: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ անվիճելի առաջատար են խոշոր ձեռնարկությունները, որոնց բաժինը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 83,6 տոկոս: Խոշոր ձեռնարկությունները նաեւ արդյունաբերության խոշորագույն գործատուներն են` ապահովելով արդյունաբերական արտադրական ոլորտի աշխատողների 69,2 տոկոսը:
Բնականաբար, խոշորագույն ձեռնարկությունները գերազանցում են փոքրերին կարեւորագույն ցուցանիշով` աշխատանքի արտադրողականությամբ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով, միկրո ձեռնարկության մեկ աշխատողին բաժին է ընկել ամսական 948,5 հազար դրամի արտադրանք: Ընդ որում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աշխատանքի արտադրողականությունն ընկել է 10,6 տոկոսով:
Իսկ խոշոր ձեռնարկությունները միշտ առանձնացել են աշխատանքի բարձր արտադրողականությամբ: Այս տարվա հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է մեկ աշխատողի հաշվով 2,57 միլիոն դրամ, ինչը 1,9 տոկոսով բարձր է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Սակայն ամենացավալին այն է, որ մեկ տարում դիտարկման մեջ ներառված 783 միկրո ձեռնարկություններում աշխատողների թիվը կրճատվել է 810-ով` գրեթե 30 տոկոս: Անցած տարվա 2857-ից նվազելով մինչեւ 2047 մարդ:
Այդպիսով, միկրո ձեռնարկությունների արտադրանքի ծավալի վրա անբարենպաստ են ազդել երկու գործոններ` աշխատանքի արտադրողականության եւ աշխատողների քանակի կրճատումը:
Հայաստանում շատ է խոսվում փոքր բիզնեսի պետական աջակցության մասին: Փոքր բիզնեսին կարելի է դասել նաեւ միկրո ձեռնարկությունները: Սակայն այդ հատվածի վերաբերյալ ներկայացված վերլուծությունը վկայում է, որ պետական աջակցությունը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել:
Ալբերտ Խաչատրյան





























