Հարցը ոչ այդքան չափն է, որքան արտաքին պարտքի կառուցվածքը: Այս մասին տնտեսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրների կհանգեցնի մինչեւ 8 մլրդ պարտքը, նախկին նախագահը նշեց, որ պարտքի աճի հետ մեկտեղ փոխվում է նաեւ երկրի վարկանիշը:

«Յուրաքանչյուր հաջորդ վարկը միշտ ենթադրում է տոկոսի մեծացում: Գալիս է մի պահ, երբ երկիրը գտնվում է ռիսկի գոտում: Սակայն հարցը ոչ այդքան չափն է, որքան արտաքին պարտքի կառուցվածքը: Երբ մեզ համեմատում են եվրոպական երկրների հետ…երբեմն աբսուրդ է հասնում, համեմատում են Գերմանիայի հետ»,-նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը հստակ պատկերացնելու համար պետք է վերցնել սպասարկման միջին տոկոսն ու հաշվարկել, թե քանի տարում կարելի է շտկումներ անել: «Սակայն կա պարտքի մակարդակ, երբ ռիսկի կորը սկում է կտրում բարձրանալ»,-նշեց նախկին նախագահը:

Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ պետք չէ պարտք վերցնել, հաշվի առնելով, որ իր օրոք գրանցվել է արտաքին պարտքի նվազում, Քոչարյանը համաձայնեց, որ նվազումը եղել է մոտ 13 տոկոս, եւ ինքը դեմ է մեծ ծավալով պարտքին: Նա նաեւ նշեց, որ իր նախագահության ժամանակ պարտք էին վերցնում, օրինակ, ԱՄՀ-ից, Ճապոնիայից: «Վարկ ենք վերցրել Երեւանի ՋԷԿ-ի կառուցման համար: Սակայն բացի այն, որ այդ ժամանակ պարտքը քիչ է եղել, անհամեմատ քիչ է եղել դրա կառուցվածքը: Պետք է հասկանալ, որ տնտեսությունը զարգանում է երկնիշ թվերով: Կարելի էր պարտք վերցնել, հասնել ոչ թե 12-13 տոկոս, այլ 20 տոկոս զարգացման, սակայն մենք դա չարեցինք»,-նշեց Քոչարյանը: