Ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է, ինչը ներկայիս տնտեսական ճգնաժամի ֆենոմենն է։ Այս մասին օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ խոսելով հրապարակված հունվար-հուլիսի տնտեսական ցուցանիշների մասին։ Նրա խոսքով՝ եւս մեկ հետաքրքիր ֆենոմեն է նաեւ 3,4 տոկոսով էլեկտրաէներգիայի սպառման աճը։

Դրա հետ մեկտեղ, հաշվետու ժամանակաշրջանում սպառողական գների ինդեքսը կազմել է 1,1 տոկոս, նշեց Ջրբաշյանը՝ սա նույնպես ֆենոմեն համարելով, հաշվի առնելով ստեղծված տնտեսական իրողությունները։ Ներկայիս իրավիճակի եւս մեկ առանձնահատկություն է դարձել այն, որ ներմուծման նվազումը նվազեցրել է տնտեսական անկման մակարդակը։ «Ներմուծումը կրճատվել է առավելապես պահանջարկի կառուցվածքի փոփոխության լույսի ներքո։ Սակայն այս ցուցանիշներն էլ չպետք է դիտարկվեն այդքան միանշանակ, քանի որ 2019 թվականին եղել էր ավտոմեքենաների ներմուծման բում, հատկապես 4-րդ եռամսյակում»,- հայտարարեց Ջրբաշյանը։