Անկարան տեղափոխում է տանկեր դեպի Հունաստանի սահմանը Միջերկրական ծովում լարվածության ֆոնին, կիրակի հաղորդում է Ihlas-ը։
Լրատվականի տվյալներով՝ 40 տանկ տեղափոխող բեռնատարները դուրս են եկել Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգից։
Այնուհետեւ ռազմատեխնիկան գնացքով կտեղափոխվի Հունաստանի հետ սահմանային Էդիրնե արեւելյան նահանգ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի ուշ Anadolu թուրքական գործակալությունը հերքել է այդ տեղեկատվությունը։
Օգոստոսի 6-ին Հունաստանի եւ Եգիպտոսի ԱԳ նախարարները ստորագրել են համաձայնագիր Միջերկրական ծովում ծովային սահմանները գծելու համար։ Փաստաթուղթն արդեն վավերացվել է երկու երկրների խորհրդարանների կողմից։ Աթենքի կարծիքով՝ Եգիպտոսի հետ համաձայնագիրն ամրապնդում է հունական կղզիների համար ծովային սահմանների բացառիկ տնտեսական գոտու իրավունքը։ Անկարան հայտարարել է, որ չի ընդունում այդ փաստաթուղթը եւ ուղարկել է իր Oruc Reis հետազոտական նավը ռազմանավերի ուղեկցությամբ հունական ծովային շելֆում հետախուզության համար։ Ի պատասխան դրան՝ Հունաստանն իր ԶՈՒ-ն բերել է մարտական պատրաստվածության եւ հայտարարել, որ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքները։





























