«Եթե մտնում ես նման գործընթացի մեջ եւ պատրաստվում ես նման արձանագրություններ ստորագրել, ապա ցանկացած գործընկերոջ հետ միշտ պետք է զգույշ լինել։ Հաշվի առնելով, որ Թուրքիան մնում է Թուրքիա՝ մեր մեջ վախն ու մտահոգությունը արդեն իսկ առկա է»,- այս մասին հոկտեմբերի 7-ին, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Ղարաբաղի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը

Դիտարկմանը, թե թուրքական դասագրքերում Հայաստանը հայտնվել է Թուրքիայի կազմի մեջ, ու արժե՞ արդյոք հավատալ թուրքական կողմի անկեղծությանը եւ ստորագրել արձանագրությունները՝ Արփի Վարդանյանը պատասխանեց, որ թուրքերը նախկինում էլ շատ են դիմել նման միջոցների, եւ սա նույնպես նման փորձ է արձանագրությունների ստորագրումը հետաձգելու համար։

«Իմ կարծիքով սա մարտահրավեր է եւ Թուրքիայի կողմից եւս մեկ սադրանք է, որ մենք օգտագործենք, եւ իրավիճակը Հայաստանում փոխվի։ Թուրքերի հետ մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի թույլ չտանք, որ նրանք առիթը օգտագործելով հետագայում մեզ շահագործեն»,- ընդգծեց նա՝ նշելով, որ Հայաստանը նույնպես պետք է որոշ քայլեր ձեռնարկի՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման համար։