«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը` «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի շրջանակներում մայիսի 22-ին մաքրել են Վայոց Ձորի մարզի Շատինավանք համալիրի (X դ.) տարածքը:

Շատին գյուղի բնակիչների խոսքով, երբեմնի հռչակավոր սրբատեղին համապատասխան մարմինների անտարբերության պատճառով այսօր աղետի շեմին է հայտնվել, որի վիճակը տարեցտարի վատթարանում է: «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամները իրենց ուժերին ներածի չափով ազատել են Շատինավանքը կուտակված աղբից, սակայն հուշարձանի պահպանման խնդիրը պետական համապատասխան մարմինների եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի մասնագետների հոգածության կարիքն է զգում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության մամուլի պատասխանատու Անուշ Սմբատյանից, «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա մայիսի 29-ին: Նախաձեռնության անդամները կո՛չ են անում բոլորին միանալ նախաձեռնությանը` զանգահարելով (091) 60-07-44 հեռախոսահամարով:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: «Ճանաչիր քո երկիրը»-ն բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է եւ իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որեւէ քաղաքական ուժի: