Ամփոփվել են «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, այս տարի «Կենգուրու»-ին մասնակցել են 36 672 աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերի 912 եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր 13 դպրոցներից: Այս տարվա մրցույթի մասնակից դպրոցների թիվը կրկին ավելացել է, Հայաստանի բոլոր դպրոցների ավելի քան 75 տոկոսը մասնակցել է «Կենգուրու» կոչվող մանկական շարժմանը:
Այս տարի «Կենգուրու»-ի հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Արաքսի Գասպարյանը: Նա կստանա արժեքավոր մրցանակ, քանի որ կարգի համաձայն, Եվրոպական ճամբար կարող են գնալ միայն 12 տարին լրացած հաղթողները: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը գրեթե կրկնակի ավելացել է` կազմելով 308: Այս տարի ընդհանուր թվով 1140 աշակերտներ կստանան մրցանակներ:
Մայիսի 23-31-ին «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները շրջելու են Հայաստանի քաղաքներով, որպեսզի անձամբ հանձնեն երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները:
Բոլոր 36672 աշակերտները, անկախ վաստակած միավորներից, կստանան մասնակցության հավաստագրեր: Մասնակցության հավաստագրեր կստանան նաեւ բոլոր մասնակից 925 դպրոցները: Այս տարի «Այբ»-ը կրկին սահմանել է լրացուցիչ խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնցում չկան «լավագույն»-ի շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ամեն մի դպրոց կունենա առնվազն մեկ մրցանակակիր: Նրանց անունները հրապարակված են մրցույթի կայքէջում` www.kangaroo.am հասցեով:
Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո:




























