ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ լավ է զգում եւ «բացառիկ լավ տրամադրություն ունի», լրագրողներին ասել է պետության ղեկավարի բժիշկ Շոն Քոնլին, հայտնում է The Telegraph-ը:

Քոնլին նշել է, որ իր բժշկական թիմն աներեւակայելիորեն ուրախ է Դոնալդ Թրամփի վիճակի բարելավմամբ՝ Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնում բուժման ընթացքում:

Միաժամանակ նախագահի բժիշկը հերքել է մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Դոնալդ Թրամփը շնչարգելություն եւ շնչառական տրակտի հետ կապված խնդիրներ է ունենում:

Նրա խոսքով՝ նախագահը ջերմություն, թոքերի օդափոխության կարիք եւ շնչարգելություն չունի:

Բժիշկը հավելել է, որ նախագահին արդեն բուժում են հերթական փորձարարական դեղամիջոցով՝ արհեստական հակամարմիններով:

Բացի այդ, նա ընդունել է ռեմդեսիվիր դեղամիջոցի առաջին չափաբաժինը։