Անցած շաբաթ երկար տարիների լռությունից հետո կրկին ռազմական գործողություններ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, որոնք կարող են հանգեցնել արյունալի բախումների, Եվրոպայում էներգամատակարարման խախտման եւ հարեւան գերտերությունների ներքաշման, գրում է Washington Post-ը:
«Ինչպես միշտ ստացվում են հակասական տեղեկություններ, թե որ կողմն է սկսել հրաձգությունը: Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի ավտոկրատ ղեկավար Իլհամ Ալիեւը սկսել է հարձակումը, որպեսզի վերադարձնի տարածությունը, որը կորցրել էր իր երկիրը 1990-ականներին, եւ որ դա նա անում է Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Դա անխոհեմ գամբիտ է, որն արտացոլում է ինչպես նախագահ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների ազդեցության թուլացումը, այնպես էլ նրա ընկեր, Թուրքիայի ավտոկրատ ղեկավար Ռեջեփ Թայիթ Էրդողանի աճող հավակնությունները»:
Ժամանակին Թուրքիան ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակիցն էր՝ պահպանելով Արեւմուտքի ռազմավարական առաջնահերթությունները: Սակայն վերջին տարիներին Էրդողանը ավելի շատ է ձգտում վերածել իր երկիրն աշխարհաքաղաքական գերտերության՝ վերացնելով իր ժողովրդավարությունը: Վերջին ամիսներին Անկարան մատակարարել է տեխնիկա եւ կործանիչներ Լիբիայում քաղաքացիական պատերազմի կողմերից մեկին, պատերազմի վտանգ է ստեղծել Հունաստանի հետ արեւելյան Միջերկրական ծովում վիճելի ջրերի պատճառով, ներխուժել է, որպեսզի արգելափակի Սիրիայի կառավարութայն փորձը վերադարձնել Իդլիբ նահանգը:
Այժմ Էրդողանն առաջարկում է լիարժեք աջակցություն Ադրբեջանի հարձակման համար՝ պահանջելով Հայաստանի հեռացումը Լեռնային Ղարաբաղից: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ անկախ ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիան տեղափոխել է սիրիացի վարձկաններ ռազմադաշտ, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է The Post-ի թղթակից Դեյվիդ Իգնատիուսին, որ թուրքական F-16-ը խոցել է հայկական ռազմական ինքնաթիռն անցած երեքշաբթի: Թուրքիայի հերքումների համոզիչ չեն:
Էրդողանի նախաձեռնությունը հանգեցրել է հակադրության Ռուսաստանի հետ, որն ունի ռազմաբազա Հայաստանում եւ պարտավոր է պաշտպանել այն ագրեսիայից: Նա եւ Ալիեւը դեռեւս արհամարհում են նաեւ հրադադարի կոչերը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից՝ ներառյալ երեք երկրների նախագահների համատեղ հայտարարությունը: Այդ երեք երկրները երկար տարիներ շարունակ համակարգել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունները, սակայն Ալիեւը հայտարարել է երեքշաբթի, որ որեւէ բանակցային գործընթացի մասին չի կարող խոսք գնալ Հայաստանի անընդունելի պահանջների պատճառով:
Պարզ չէ, թե որքան հեռու կգնա Ռուսաստանը թուրք-ադրբեջանական հարձակումը կասեցնելու համար: Փաշինյանն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով 2018 թվականին համազգային ապստամբության արդյուքնում, ուստի նա Վլադիմիր Պուտինի ֆավորիտը չէ: ԱՄՆ-ի շահերից է բխում դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել բանակցությունները: Դա կպահանջի սանձել Ալիեւին եւ Էրդողանին, եւ նրանց չափից դուրս հավակնությունները: Թրամփը, որը Թուրքիայի առաջնորդի բացահայտ երկրպագուն է, պետք է ասի նրան նահանջելու մասին»:





























