Իսպանիան հսկայական գին է վճարում իր ավերված քաղաքական համակարգի համար եւ արագորեն վերածվում է «պրոբլեմատիկ երեխայի», գրում է Bloomberg-ը:
Նախկինում Իտալիան որպես ավելի մեծ ռիսկ էր դիտվում: Սակայն այժմ Գերմանիայի պաշտոնյաները, որոնք ամենից շատ են ներդրումներ կատարում կորոնավիրուսի վերականգնման ԵՄ ֆոնդում, մտահոգված են նրանով, թե որքան վատ է Իսպանիան հաղթահարում համավարակը: Կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որը երկրում նկատվում է ամռան վերջից, քաղաքական պառակտման է հանգեցրել. Մադրիդի վարչակազմը դեմ է երկրի սոցիալիստական ղեկավարության կողմից սահմանված սահմանափակումներին: Այս հակասությունների արդյունք է դառնում աճող ճգնաժամն առողջապահության ոլորտում:
Նախկինում Եվրոպան կարող էր աչք փակել Իսպանիայում տիրող թշնամանքի եւ ոչ ֆունկցիոնալության վրա, քանի որ տնտեսությունը շարունակում էր զարգանալ: Սակայն Եվրոպայի` մեծությամբ չորրորդ տնտեսության վատթարագույն անկումից հետո նրանք ստիպված կլինեն ավելի մանրամասն ուսումնասիրել այս հարցը:
Ըստ Բեռլինի կառավարությունում այս թեմայի շուրջ քննարկումներին ծանոթ աղբյուրի` իրական մտահոգություն կա տեղի ունեցողի` ԵՄ այլ անդամ երկրների, այդ թվում` Գերմանիայի վրա ազդեցության կապակցությամբ:
Կորոնավիրուսի համավարակը փորձություն է դարձել աշխարհի երկրների ղեկավարների համար: Իսպանիան եւ Իտալիան համավարակի առաջին էպիկենտրոններն էին Եվրոպայում: Այնուամենայնիվ, չնայած Իտալիան, կարծես, հաղթահարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, նույնը չի կարելի ասել Իսպանիայի մասին:
2015 թվականից ի վեր Իսպանիան չունի կայուն կառավարություն: Սակայն այս իրավիճակը հաղթահարելու ունակության հարցում ինքնավստահության որոշակի աստիճան կար, քանի որ տնտեսությունն ավտոմատ զարգանում էր` հուսալի սպառողական ծախսերի եւ տուրիստների ռեկորդային թվի շնորհիվ:
Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը եւս ինքնավտսահ էր այս ամռանը, երբ ժամանակից շուտ հայտարարեց կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին: Մինչդեռ տնտեսական ծախսերն աճում են:
Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացրել է, որ Իսպանիայի վերականգնումը վտանգված է, եւ ռիսկերը «դեպի անկում են գնում»: Իսպանիայի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի երկրի ՀՆԱ-ն կարող է կրճատվել 12.6 տոկոսով:
ԵՄ առաջնորդները շատ արագ փորձեր ձեռնարկեցին օգնել տուժած երկրներին, ինչպիսին է Իսպանիան` հաստատելով 750 միլիարդ եվրոյի վերականգնման պատմական փաթեթը: Բայց շարունակական տարաձայնությունները կարող են հետաձգել այս գումարի տրամադրումը:





























