Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մոտավորապես այդ ժամանակ հազարավոր մարդիկ՝ ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ զինվորներ, կարող են պատերազմի զոհ դառնալ, որը աշխարհի գերտերությունները, կարծես, չեն կարողանում կանգնեցնել, եւ որում Թուրքիան աջակցում է ագրեսորին՝ ի դեմս Ադրբեջանի, The Australian-ում իր հոդվածում գրում է բրիտանացի փաստաբան, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերտսոնը.
«Սա պատերազմ է Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ բնակվում են 170 000 քրիստոնյաներ լեռնային անկլավում իր հայրենակիցների՝ հայերի, եւ իր ադրբեջանցի թշնամիների միջեւ, եւ հորիզոնում Թուրքիան է, որը դեռ չի զղջում Հայոց ցեղասպանության համար: 1990-ական թվականների սկզբին վերջին պատերազմը հանգեցրեց 30 000 զոհի եւ «շփման գծի» առաջացման:
Անհրաժեշտ է պատմական ոչ մեծ էքսկուրս անցկացնել՝ հասկանալու համար Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, ինչպես այն անվանում են տեղի բնակիչները: Դա երկիր է ամպերում, քանի որ նրա լեռներն առաջին անգամ հայտնվում են Երեւանից 7-ժամյա ուղեւորությունից հետո: Ստեփանակերտի (Արցախի մայրաքաղաքը) լավ սարքավորված օդանավակայանից թռիչքը կտեւի ընդամենը 20 րոպե, սակայն Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է խոցել ցանկացած ուղեւորատար ինքնաթիռ, որը կփորձի դա անել: Այդ դե-ֆակտո անկախ հանրապետություն ցանկացած այցից հետո արգելվում է մուտք գործել Ադրբեջան:
Մի քանի հազար հնագույն քրիստոնեական եկեղեցիներ թվագրվում են 10 դարով, իսկ թանգարաններում պահպանվում են ձեռագրեր եւ արխիվներ, որոնք վկայում են այդ բարձրադիր լեռներում հայերի ինտելեկտուալ եւ կրոնական կյանքի, գորգերի եզակի դիզայնի մասին, որոնք մինչ օրս կարվում են այնտեղ:
1805 թվականին տարածաշրջանը բռնազավթվեց Ռուսաստանի կողմից: Մարդահամարը ցույց տվեց, որ էթնիկ հայերն էին կազմում բնակչության ճնշող մեծամասնությունը: Այդպես էր 1923 թվականին (հայերը կազմում էին բնակչության 94 տոկոսը), երբ Ստալինի ճակատագրական որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում: ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախի ժողվուրդը 1992 թվականին ձայների մեծամասնությամբ հայտարարեց իր անկախության մասին:
Դա հանգեցրեց պատերազմի, որում մասնակցեց արագ ձեւավորված ղարաբաղյան բանակը Հայաստանի աջակցությամբ: Այդ ժամանակ ռազմական մեծ հանցագործողություն տեղի ունեցավ. ադրբեջանական ուժերը միտումնավոր հրետակոծում եւ սպանում էին հազարավոր խաղաղ բնակիչների Ստեփանակերտի դպրոցներում եւ հիվանդանոցներում:
Հաջորդ քառորդ դարի ընթացքում Արցախը եղել է էթնիկ հայերի մշակույթով, պատմությամբ եւ լեռնային բնավորությամբ կայուն ժողովրդավարություն: Հայաստանի հետ նրա հարաբերությունները կարելի է համեմատել Ուելսի եւ Անգլիայի հարաբերություններին: Երբ ես վերջին անգամ այստեղ եկա (Հայաստանի կառավարության խնդրանքով), ես բավարարված էի նրա խորհրդարանի, դատարանների եւ փաստաբանների անկախությամբ, սակայն ցավ էի ապրում, որ երիտասարդները զորակոչվում էին՝ կապված հարեւանի թշնամության հետ:
Անթույլատրելի կլիներ, եթե Արցախը ներխուժման ենթարկվեր, իսկ մարդիկ սպանվեին կամ ստիպված լինեին փախչել: Սակայն դա է Թուրքիայի նպատակը:
Չնայած բոլոր հերքումներին՝ ֆրանսիական, ռուսական եւ բրիտանական ԶԼՄ-ների տվյալներն ապացուցում են, որ վերջին ամսում թուրքական ընկերությունները Սիրիայից զինյալների են վարձել եւ վճարել, որպեսզի վերջիններս միանան ադրբեջանական ուժերին, ինչն ապացուցում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նախապես են ծրագրել հարձակումը:
Ավտորիտար նախագահ Իլհամ Ալիեւը երկար տարիներ շարունակ ազգայնական թմբուկ է զարկում՝ բորբոքելով հայերի դեմ ռասայական եւ կրոնական ատելություն եւ իր ժողովրդին խոստանալով հաջող ներխուժման եւ այդ շրջանի օկուպացիայից հետո Ղարաբաղում երջանիկ հայրենիք։
Հնարավոր է՝ մասամբ սեփական հռետորաբանությամբ հանդես գալն է նրան դրդել սկսելու այս պատերազմը հենց ձեռք է բերել Թուրքիայի աջակցությունը, եւ այն ժամանակ, երբ Հայաստանը թուլացել էր համավարակի պատճառով։ Նա ժխտում է, որ ագրեսոր է, բայց դա ճշմարտանման չէ․ նա սրանից կարող է ստանալ ամեն ինչ, իսկ Հայաստանը կորցնելիք ունի, եւ պայքար սկսելու պատճառներ չկան։ Նա աջակցել է խաղաղ բանակցությունների գնալու վերաբերյալ միջազգային կոչերը, բայց սպանությունների ու նվաճումների հակված Ալիեւը մերժել է։
Այս առումով Ադրբեջանը մեղավոր կլինի ՄԱԿ Կանոնադրության խախտման մեջ, որն արգելում է «ՄԱԿ անդամի վրա ցանկացած զինված հարձակում»։ Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հակամարտությունը փոխանցի Միջազգային քրեական դատարան, որը լիազորված է քննելու ագրեսիայի հանցագործությունները, որը, ինչպես պատկերանում է, իրագործել է Ալիեւը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ։
Ալիեւը պնդում է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, բայց դա հիմնված է Ստալինի 1923 թվականի որոշման վրա։ Վերջին քառորդ դարում այն այդպիսի կարգավիճակ չի ունեցել այն բանից հետո, երբ նրա ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին եւ հաղթեց պատերազմում, որը վարում էր հանուն ինքնորոշման իր իրավունքի։
Միջազգային իրավունքը թույլ է տալիս այն, ինչը կոչվում է «իրավապաշտպան սեցեսիա», որը տրամադրվեց Արեւելյան Թիմորին, Կոսովոյին եւ այլ երկրների, եւ որը պետք է կիրառվի Արցախի նկատմամբ։ Հնարավոր է, որ ավելի լավ կլիներ, եթե նրանք որոշեին դառնալ Հայաստանի մարզը, բայց ցանկացած դեպքում նրանք պետք է ներխուժումից պաշտպանված լինեն։
Այս վաղեմի հակամարտությունն ինչո՞ւ չի կարգավորվել շատ տարիներ առաջ։ 1994 թվականին առաջատար տերությունների կողմից կազմակերպվեց միջազգային համաժողով՝ Մինսկի գործընթացը, բայց այն չկայացավ՝ մասամբ այն պատճառով, որ Ադրբեջանը թույլ չտվեց բուն Լեռնային Ղարաբաղին ներկայացված լինել։ Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ն կողմերին բանակցությունների կոչ էին արել, բայց Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել էր։ Նա ցանկանում է Արցախում հայերին բնաջնջել եւ նրանց փոխարինել ադրբեջանցիներով, այն դեպքում, երբ Հայաստանը ակնհայտրոն հրաժարվում է նրանց դավաճանել։ Սա նշանակում է վերադարձ սկզբնակետին՝ պատերազմին։
Անհնար է արդյունքը կանխատեսել, եթե Թուրքիան միավորի զինված ուժերն Ադրբեջանի հետ, ինչպես սպառնում է Էրդողանը, հայերը հույսները կդնեն Ռուսաստանի վրա, որի հետ ռազմական դաշինք ունեն։ Բայց Ռուսաստանը կարող է հաստատուն ընկեր չլինել։ Նրա օլիգարխներն ավելի շահագրգռված են ադրբեջանական նավթով եւ գազով իրենց բիզնեսի հարցում, իսկ Ռուսաստանը Բաքվին զանգվածային մասշտաբով զենք է վաճառում (նա Հայաստանին նույնպիսի զենք է վաճառում, բայց արտոնյալ գներով)։ Հայերը մշտապես սխալվել են՝ հենվելով Կրեմլի վրա։ ՆԱՏՕ-ն, հավանաբար, միակ ռազմական դաշինքն է, որը կարող է իրավիճակը վերահսկել, բայց Թուրքիան նրա անդամն է (ի տարբերություն Հայաստանի), եւ Ռուսաստանը կառարկի։
Բայց հայերը բարդ ռասա են, որը վերապրել է օսմանցի թուրքերի ցեղասպանությունը (որոնք 1915-1916 թվականներին սպանել են միլիոնից ավելիին)։ Նրանք ազդեցիկ սփյուռք ունեն ԱՄՆ-ում եւ այլ երկրներում (չնայած ամենահայտնի հայուհին Քիմ Քարդաշյանն է, Ավստրալիան կարող է պարծենալ Ջո Հոքիյով եւ Գլեդիս Բերեջիկլյանով)։ Նրանք Արցախը չեն հանձնի, նաեւ պարտավոր չեն։ Ավստրալիան չպետք է տատանվի նրանց իր աջակցությունը հայտնելու՝ ոչ հանուն քրիստոնեության, այլ հանուն ժողովրդավարության»։





























