Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը, սակայն, կապ ունի ոչ այնքահն գաղափարական մերձեցման, որքան Էրդողանի եւ Ալիեւի՝ Ադրբեջանի վաղեմի էքսցենտրիկ բռնապետի միջեւ անձնական ընկերությամբ։ Լայն զանգվածների աջակցությունը չունենալով՝ Ալիեւն իր պաշտոնը 2003 թվականին ժառագել է հորից եւ ծաղրի առարկա դարձել, երբ կնոջը նշանակեց երկրի փոխնախագահ, նշում է Eurasiareview.com-ը։
Անդրադառնալով Թուրքիայով Ադրբեջան սիրիացի գրոհայինների տեղափոխմանը՝ հեղինակը նշում է․ «Հեգնանքն այն է, որ գրոհայինների գրեթե բոլոր խմբերը, որոնք 9 տարի պայքարել են Բաշար Ասադի կառավարության դեմ, եղել են սուննի ջիհադականներ, մինչդեռ Ադրբեջանը էթնիկ թուրքական երկիր է՝ շիաների մեծամասնությամբ։ Այսպիսով՝ այս վարձկան ջիհադականները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդների միջոցով գործնականում պայքարելու են սիրիական պատերազում իրենց հիմնական մրցակիցների հետ միասին»։
«Իրանի 83 միլիոնանոց բնակչության 16 տոկոսը կազմում են ադրբեջանցիները, որոնք Սիրիայում միջնորդավորված պատերազմում ակնհայտորեն կարեկցել են իրենց հավատակիցներին։ Այդուհանդերձ, բնիկ ադրբեջանցի ժողովրդի կամքին եւ կրոնական զգացումներին հակառակ՝ Ալիեւը իր թուրք հովանավոր Էրդողանի ցուցումով նյութական աջակցություն է ցույց տվել Սիրիայում ջիհադականներին, ինչի մասին ավելի ուշ մանրամասն կպատմեմ այս հոդվածում, բայց նախ թույլ տվեք ուշադրություն դարձնել 2016 թվականի հուլիսին տապալված հեղաշրջումից հետո Էրդողանի անձի մեծարման մոլագարությանն եւ միլիտարիզմին։
Առաջին՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական ՌՕՈՒ-ն Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին խփեց ռուսական Սու-24 կործանիչը, ինչը թուրքական եւ ռուսական զինված ուժերին կանգնեցրեց Սիրիայում լայնածավալ առճակատման եզրին։
Երկրորդ՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը 2016 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում գեղարվեստական ցուցահանդեսի ժամանակ սպանվեց թուրքական ոստիկանության աշխատակից Մեւլութ Մերթ Ալթինթասի կողմից, ում կասկածում էին իսլամական արմատականներին անդամակցելու մեջ։
Երրորդ՝ 2016 թվականի օգոստոսից՝ հեղաշրջման փորձից անմիջապես հետո, մինչեւ 2017 թվականի մարտ թուրք զինվորականները Սիրիայի հյուսիսում անցկացրել են 7 ամիս տեւած «Եփրատի վահան» գործողությունը։
Չորրորդ՝ 2017 թվականի հոկտեմբերին Անկարան ներխուժեց Սիրիայի հյուսիս-արեւմուտքում Իդլիբ՝ սիրիացի գրոհայինների եւ Սիրիայի կառավարության միջեւ ապաէսկալացիայի գոտի ստեղծելու պատրվակով, չնայած Դամասկոսի պաշտոնական բողոքին այն մասին, որ թուրքական զինված ուժերը խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հինգերորդ՝ Թուրքիան 2018 թվականի հունվարից մարտ Olive Branch գործողությունն է անցկացրել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում քրդերի կողմից վերահսկվող անկլավ Աֆրինում։
Բացի Հյուսիսային Սիրիա եւ Իրաք երեք ռազմական ներխուժումների կազմակերպումից, Էրդողանը նաեւ հազարավոր սիրիացի ջիհադականների, անօդաչուներ եւ ռազմական տեխնիկա է ուղարկել Տրիպոլիի կառավարությանն աջակցելու արեւմտյան Լիբիայում արեւելյան լիբիացի դաշտային հրամանատար Խալիֆ Հաֆթարի ռազմական արշավանքի դեմ, որը շարունակվում էր 2019 թվականի ապրիլից 2020 թվականիր հունիս, թուրք դրածոները Տրիպոլիում Հաֆթարի ուժերին պարտության մատնելուց հետո ուղղվեցին Սիրթ, բայց այդ ժամանակից սկսվեց միջազգային միջնորդների մասնակցությամբ խաղաղ գործընթացը։
Էրդողանն անպատժելիորեն գործում է տարածաշրջանային հակամարտություններում, որովհետեւ անձնական ընկերություն է հաստատել Դոնալդ Թրամփի հետ, քանի որ վերջինի փեսա Ջարեդ Քուշները եւ Էրդողանի փեսա ու Թուրքիայի գործող ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը եղել են գործընկերներ։ Այնպիսի, որ Թրամփի վարչակազմը ստիպված էր կատարել Էրդողանի վաղեմի պահանջը անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի վերահսկած շրջաններից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։
Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից անմիջապես հետո Թրամփի եւ Էրդողանի միջեւ հեռախոսային զրույցից հետո հոկտեմբերի 9-ին Թուրքիան անցկացրեց «Խաղաղության գարուն» գործողությունը , որի ժամանակ թուրքական զինված ուժերը եւ նրանց սիրիացի խամաճիկները ներխուժեցին եւ օկուպացրին 120 մարդու։
Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին էսկալացիան նույնպես պետք է դիտարկել Էրդողանի եւ Թրամփի անձնական կապերի ֆոնին։ «Օսմանցի խալիֆ» Էրդողանը, ըստ երեւույթին, իր ադրբեջանցի թյուրք հովանավորյալ Իլհամ Ալիեւին ակնարկել է, որ Թրամփը կարող է երկրորդ ժամկետ չընտրվել։ Ուստի եթե Ալիեւը ցանկանում է ստանալ Լեռնային Ղարաբաղը, հիմա հոյակապ հնարավորություն կա։
Դրանից բացի, նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին ԱՄՆ բոլոր վարչակազմերը սեպտեմբերին վերածվում են «կաղ բադերի», ինչի արդյունքում տարածաշրջանային տերությունները ստանում են անպատժելիորեն գործելու ազատություն եւ բացառում համաշխարհային տերությունների, մասնավորապես՝ Վաշինգտոնի կողմից միջազգային միջնորդական ջանքերի հնարավորությունը։
Ինչ վերաբերում է Ալիեւի կողմից Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին նյութական օժանդակությանը, բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայթանջիեւան 2017 թվականի օգոստոսին Trud News պարբերականում գրել էր, որ Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը պարբերաբար զենք է հասցրել Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա՝ Սիրիայում գրոհայինների խմբավորումների զենքի մատակարարման ԿՀՎ գաղտնի ծրագրի շրջանակում դիվանագիտական քողարկմամբ։ Գայթանջիեւան փաստագրել էր այդպիսի 350 «դիվանագիտական թռիչք» եւ հետագայում աշխատանքից հեռացվել այդ պատմության բացահայտման պատճառով»։





























