Մինչեւ տարեվերջ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են հաստատել ղարաբաղյան հակամարտության լուծման՝ հիմնարար սկզբունքների վրա հիմնված փաստաթուղթը՝ դուրս գալու ստեղծված փակուղային վիճակից, հակառակ դեպքում նրանք չեն կարող խուսափել առճակատումից:
Այդ մասին ասված է Միջազգային ճգնաժամային խմբի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հրապարակած հերթական զեկույցում: ՄՃԽ-ն կարծում է, որ լավատեսության հիմքեր կան, թե քաղաքական փակուղին հնարավոր է լուծել՝ շնորհիվ տարածաշրջանում ձեւավորված ավելի բարենպաստ իրադրության: Չնայած դրան՝ զեկույցում նախազգուշացում է արված երկու երկրների կառավարություններին եւ միջազգային հանրությանը՝ ջանքերի համախմբման անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ հաստատված ստատուս-քվոն ավելի ու ավելի անընդունելի է դառնում:
«Չնայած, որ կողմերից որեւէ մեկի կողմից նախաձեռնված ռազմական հարձակումը մոտ ապագայում քիչ հավանական է, հրադադարի պայմանավորվածությունը, որ 15 տարի առաջ դադարեցրեց զինված հակամարտությունը, ավելի ու ավելի փխրուն է դառնում»,- նշել է ՄՃԽ կովկասյան նախագծի տնօրեն Լոուրենս Շիթսը: Վերջինս նշել է, թե վերջին շրջանում հաճախակիացել են զինված ընդհարումները, որոնք կարող են զանգվածային ընդհարման պատճառ դառնալ:
Խումբը նաեւ կոչ է արել փաստաթուղթ ընդունել հիմնարար սկզբունքների հիման վրա, այնուհետեւ Մինսկի խմբում համանախագահող երկրները պետք է ակտիվացնեն փորձերը՝ համոզելու Հայաստանին եւ Ադրբեջանին պաշտոնապես հաստատել փաստաթուղթը եւ բանակցություններ սկսել վերջնական խաղաղ կարգավորման վերաբերյալ:



























