ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Ռոբերտ Շուման» սրահում մայիսի 26-ին տեղի կունենա «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի շնորհանդեսը:
Ծրագիրը, որ սկսվել է Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիքի կողմից տրամադրած դրամաշնորհով, պաշտոնապես հիմնադրվել է 2010 թ. հոկտեմբերին: 2011 թ. մայիսի 10-ից սկսվել է ծրագրի ընդունելությունը, իսկ սեպտեմբերին կմեկնարկի ուսումնական տարին: Դրամաշնորհի ընդհանուր արժեքն է 1.276.000 եվրո, իսկ գործողության ժամկետը` 3 տարի:
«Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Արեւելյան գործընկերության մասնակից չորս պետությունների առաջատար համալսարանների կողմից` Երեւանի պետական համալսարան (համակարգող), Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան, Մոլդովայում եվրոպական քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների համալսարան (USPEE):
Վերոնշյալ ծրագիրը Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ուկրաինայում Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ աշխարհի տարբեր մասերում հիմնադրված «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրերից 6-րդն է, որը ներառում է ԵՄ Արեւելյան գործընկերության տարածաշրջանը:
Շնորհանդեսին ներկա կլինեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը եւ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանը:




























