«1895-1915 թվականներն ընկած ժամանակահատվածում թուրքական զինվորները կանոնավոր կերպով ոչնչացրել ու սպանել են մեկ միլիոնից ավելի հայերի։ Մյուսներին բռնի տեղահանել եւ քշել են հյուսիսային Սիրիայի անապատներ։ Եվ միայն մոտ 100 հազար մարդ է կարողացել գոյատեւել»,- արաբ ականավոր փիլիսոփա, գրող եւ բանաստեղծ Ջուբրան Խալիլ Ջուբրանի այս խոսքերը մեջ է բերում Լիբանանի հայ համայնքի «Ազդակ» թերթը։
Ջուբրան Խալիլ Ջուբրանը քրիստոնյա է, ծնվել է Լիբանանում 1883 թվականին, ուսանել է Եվրոպայում, 1910 թվականից մինչեւ իր կյանքի վերջն ապրել ու ստեղծագործել է Նյու Յորքում։ Նա վախճանվել է 1931 թվականին։ Նրան փառք է բերել «Մարգարե» գիրքը, որը պոետի փիլիսոփայական մտքի գագաթնակետն է, եւ որը թարգմանվել է ավելի քան 100 լեզուներով։ Հայտնի են նաեւ նրա նամակները, որոնցում նա անդրադառնում է նաեւ Հայոց Ցեղասպանության փաստին։
Բացի այդ, փիլիսոփան գրել է նաեւ իր կնոջը, ինչպես նաեւ թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված լիբանանցիների սպանությունների մասին. "Իմ ժողովուրդը զոհվում է սովից, որը ծրագրավորված է Թուրքիայի կառավարության կողմից։ 80 հազար մարդ արդեն մահացել է։ Օրական մահանում են հազարավոր մարդիկ։ Այն, ինչ կատարվել է Հայաստանում, տեղի է ունենում նաեւ Լիբանանի ու Սիրիայի քրիստոնյա բնակչության հետ։
Շարունակելով զարգացնել իր միտքը, Ջ. Խ. Ջուբրանը խոսում է նաեւ այն մասին, որ «կոչ է անում մարդկանց հավատալ հենց իրենց եւ չվստահել թուրքական նոր կառավարությանը։ Ես կցանկանայի, որպեսզի այդ խեղճ մարդիկ հասկանային, որ գեղեցիկ սուտը նույնքան այլանդակ է, որքան տգեղ սուտը»։




























