Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` մայիսի 26-ին այցելել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց, որտեղ ավարտական վերջին դասն անցկացրել է 9-րդ դասարանի աշակերտների համար:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա ավարտական դասարանների աշակերտներին մաղթելով կանաչ ճանապարհ, Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է.

«Շուրջ չորս տասնամյակ անց, ես վերադարձել եմ մեր հարազատ դպրոց ամենաջերմ հիշողություններով եւ զգացմունքներով մեր ուսուցիչների, դասընկերների նկատմամբ: Երեսունութ տարի առաջ ես ինքս էի հրաժեշտ տալիս դպրոցին եւ հիշում եմ, որ բոլորը խորհուրդներ եւ խրատներ էին տալիս այն մասին, թե ինչ ու ինչպես է պետք անել, որպեսզի մտնել, այսպես ասած, մեծ կյանք։ Վստահ եմ, որ դուք էլ այսօր խորհուրդների եւ խրատների պակաս չունեք: Ոչ թե խորհուրդ եւ խրատ, այլ պարզապես մի քանի մաղթանքներ կուզեի հղել ձեզ:

Առաջինը մաղթում եմ, որ բարձր պահեք մեր դպրոցի բարի համբավը եւ հեղինակությունը: Այլեւս ձեզանից է դա կախված: Մաղթում եմ ձեզ, որ տարիներ անց, երբ վերադառնաք այստեղ՝ դպրոցը հպարտանա, որ նման աշակերտներ է ունեցել:   

Դուք այս դպրոցում իրար հետ անց եք կացրել ինը տարի։ Դա երկար ժամանակահատված է որեւէ մեկի կյանքում, իսկ ձեր դեպքում՝ դա ձեր ապրած կյանքի կեսից ավելին է։ Իմ երկրորդ մաղթանքը կլինի, որ կարողանաք պահպանել դպրոցական ընկերությունը, հոգատարությամբ վերաբերվեք դրան, որովհետեւ դպրոցական ընկերությունը հատուկ քաղցրություն ունի։

Ձեզնից յուրաքանչյուրը անցնելու է իր ճանապարհը, ունենալու է իր յուրահատուկ եւ անկրկնելի ուղին: Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին եւ իդեալներին, որոնք ձեր մեջ սերմանել են ձեր ծնողները, ձեր ուսուցիչներն ու այս հրաշալի դպրոցը, որին այսօր հրաժեշտ եք տալիս։

Մաղթում եմ, որ ձեր  կանաչ ճանապարհ, եւ որ կարողանաք իրականացնել ձեր այսօրվա երազանքները»:

Այնուհետեւ աշակերտների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը պատմել է իր դպրոցական տարիների հիշողությունները՝ շնորհակալություն հայտնելով հարազատ կրթօջախի ուսուցիչներին բարձրակարգ կրթություն եւ գիտելիքներ տալու համար:

Միջոցառումը եզրափակվեց ավարտական դասարանների աշակերտների երաժշտական կատարումներով: