Հայաստանը COVID-19-ի ախտորոշման 50.000 նոր հակագենային արագ թեստ կգնի, երկուշաբթի հանձնաժողովներում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ մինչ օրս երկրում իրականացվել է 441.174 թեստ, որոնց առյուծի բաժինը` մոտ 65-70 տոկոսը, իրականացվել է բոլորովին անվճար եւ պետական բյուջեի կամ որոշակի նվիրատվությունների հաշվին:
«Մինչ օրս թեստերի մեծ մասն անցկացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Սա այն քաղաքացիների համար է, ովքեր բժշկական ցուցումներ ունեն թեստավորման համար` բարձր ջերմություն, սուր շնչառական հիվանդությունների առկայություն, թթվածնով ցածր հագեցվածություն: Թեստավորվում են նաեւ հղի կանայք»,- ասաց Թորոսյանը:
Ընդ որում, նա նաեւ հայտնեց, որ շուկայում կան նաեւ վճարովի ծառայություններ Հայաստան ժամանողների համար, ովքեր վերջին 72 ժամվա ընթացքում պետք է թեստի բացասական արդյունք ունենան:
Նախարարը շեշտել է, որ առողջապահության նախարարությունը չի կարող կարգավորել գները, սակայն ինտենսիվորեն աշխատում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ` դրանց հիմնավորվածությունը հասկանալու, ինչպես նաեւ հակամրցակցային համաձայնագրերի հնարավոր գոյությունը պարզելու համար:
Ըստ Թորոսյանի` ստուգումները ցույց են տվել, որ փորձարկման համար 15 հազար դրամը բավականին ռեալ գին է: «Կարգավորիչը վերահսկում է իրավիճակը, եւ հնարավորության դեպքում գները կիջեցվեն: Կա նորությունը, որը կարող է արժեքի նվազման հանգեցնել: Խոսքը Հայաստան նոր տեսակի արագ հակագենային թեստերի ներմուծման մասին է: Հուսով եմ, որ դա գների փոփոխությունների կհանգեցնի: Մենք շուտով 50.000 նման թեստ կստանանք, որոնք կանցկացվեն անվճար»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նրա` կորոնավիրուսի ախտորոշման գործընթացը փոփոխվում է, եւ ՊՇՌ թեստերից անցում կկատարվի հակագենային թեստերի: Նրանք տարբերվում են հակամարմինների թեստերից: Ախտորոշման համար եւս նմուշներ են վերցվում քթից եւ արագ պարզում են վիրուսի առկայությունը:
«Մենք հետ չենք մնում միջազգային միտումներից, սակայն գները դեռ բավականին բարձր են: Նոր վարակի բռնկման դեպքում թեստերի գները սովորաբար բարձր են լինում: Սակայն հետագայում տեխնոլոգիաների զարգացման եւ նոր մշակումների շնորհիվ դրանք նվազում են»,- պարզաբանեց Թորոսյանը:




























