Աղետը Հայաստանում շարունակվում է եւ կարող է ավելի մեծ աղետալի հետեւանքներ ունենալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնդիր Ռուբեն Մելիքյանը, ով իր եթերը վերնագրել է «ինչու եմ այսօր ժամը 18:00-ին լինելու Ազատության հրապարակում»:

Նա, մասնավորապես, նշեց. «Նոյեմբերի 9-ի այդ խայտառակ կապիտուլյացիայից պատերազմի մեկնարկի հետո բոլորս մղձավանջում ենք ապրում: Մեր գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի մեկնարկից ի վեր  տապալեց այն ամենը, ինչ կարող էր տապալել: Կարելի է ասել, որ մղձավանջը սկսվել է 2018-ի ապրիլից, երբ այս մարդիկ եկան իշխանության ու հիմա չեն ուզում հեռանալ, անգամ հայրենիք կորցնելու գնով: Այս իշխանությունն ամենեւին իր առջեւ խնդիր չէր դրել ղեկավարելու Հայաստանը, նա խնդիր էր դրել ղեկավարելու ֆեյսբուքը:

Ամեն օր ստանում եմ ահազանգեր արցախցիներից, որոնց հողերը հանձնել են, որոնք ստիպված են իրենց տները վառելով տեղափոխվել, նրանցով չեն զբաղվում, կառավարում չի իրականացվում: Այս ամենի հիմքում տեսնում եմ արժանապատվության խնդիր:

Դուք 44 օր բթացում էինք մեր զգոնությունը, ամեն օր հաղթում էինք, հաղթելու էինք, հիմա պարզվում է, որ պատերազմի 4-րդ օրվանից սկսած մեր ԳՇ պետը անընդհատ այդ հարցը բարձրացրել է, որ պետք է նհապաղ դադարեցվի պատերազմը: Բա էս մարդկանց հույսները ո՞րն էր: Հետո եղավ նոյեմբերի 9-ի սառը ցնցումղը:

Այս մարդիկ ասում են՝ եկան կառավարության շենքը, Ազգային ժողովը ջարդեցին: Դա շատ սխալ քայլ էր այդտեղ լինելը, բայց նաեւ հասկանում եմ այդ մարդկանց, որոնք ցասում են ապրել: Եթե չլիներ այդ ցասումը, կնշանակեր, որ մենք բացարձակապես չունենք արժանապատվության զգացում: Ես նաեւ վստահ եմ, որ դա ուղղորդված է եղել իշխանությունների կողմից, դռները բացելը եւ թողնելը այն հույսով, որ այդտեղ ջարդարարություն կլինի եւ ցավոք սրտի դա եղավ: Ինչպե՞ս դուք չէիք կանխատեսել, որ կարող է նման բան լինել: Ես համոզված եմ, որ սա լավ էլ կազմակերպված էր, նույնիսկ ԱԺ նախագահի նկատմամբ ոտնձգությունն էր կազմակերպված: Փառք Աստծո, որ վնասվածքներն այնպիսին են, որ նա ապաքինվելու է»,-ասաց նա:

«Հիմա մենք կարո՞ղ ենք հնարավոր համարել, որ այս ստորացման, նվաստացման հեղինակները շարունակեն կառավարել: Մարդիկ ուզում են կառվարել, ինչ-որ 6 ամսվա ծրագրեր են կազմում: Ո՞վ է նրանց հարգելու, ով է մեզ հարգելու, եթե մենք դա թույլ տանք: Այս մադրկանց միակ ճանապարհը անցնցում հեռանալն է, որի մասին բոլորն են խոսում:

Ռազմական դրություն մտցնելը նպատակ էր հետապնդում իրականացնել զորահավաք, բայց այդ զորահավաքը նորմալ չիրականացվեց: Ֆիդայական ջոկատներ կազմելու կոչ էր հնչում, 21-ր դարում ի՞նչ ֆիդայական ջոկատներ: Որեւէ մեկի մտքով անցե՞լ է, որ ֆիդայական ջոկատով հնարավոր է 21-րդ դարի բանակին հաղթել:

Այսօր արդեն Արցախի անվտանգության երաշխավորը հայ զինվորը չէ, այդ Ռուսաստանը, որին պետք է շնորհակալ լինել»,-ընդգծեց նա՝ հավելելով. «Եթե դուք հիմա Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ եք, դուք ձեզ եք վերագրում Շուշին հանձնելու, Արցախւ հանձնելու խարանը»: