Հոլանդացի հեռուստալրագրողը կատակի համար մեկ րոպեով միացել է ԵՄ պաշտպանության նախարարների գաղտնի տեսակոնֆերանսին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը, նոյեմբերի 20-ին՝ Zoom-ով: RTLNieuws հեռուստաալիքի լրագրող Դանիել Վերլանը Twitter ի իր էջում տեսանյութ է տեղադրել այդ մասին: Նիստը նախագահող ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի քաղաքավարի խնդրանքից եւ այս քայլի համար քրեական պատասխանատվության մասին նախազգուշացումից հետո Վերլանն անմիջապես հրաժեշտ է տվել եւ դադարեցրել է կապը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա իր բնակարանից միացել է գաղտնի տեսակոնֆերանսին եւ ձեռքով ողջունել է նախարարներին: Նրա հայտնվելն անմիջապես նկատվել է եւ թեթեւ շփոթմունք ու ծիծաղ է հարուցել: Նրան համաժողովի 28 մասնակիցների (ԵՄ 27 երկրներ եւ նախագահող Բորել) մեջ դժվար չի եղել նկատել, քանի որ իրենից գոհ լրագրողն էկրանին հայտնվել է սեւ շապիկով եւ սովորական բնակարանի ֆոնին, իսկ համաժողովի մնացած մասնակիցները կոստյումներով են եղել եւ ազգային դրոշների ֆոնին:
Լրագրողն ինքը արդեն բացատրել է, որ կարողացել է միանալ պարզապես Հոլանդիայի պաշտպանության նախարարի Twitter-ի լուսանկարներից մեկում վերլուծելով Zoom-ին միանալու հանդիպման կոդը եւ գաղտնաբառը:
Ուրբաթ օրը պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսում քննարկվել է ԵՄ ապագա ռազմական հայեցակարգի գաղտնի նախագիծը, որը կոչվում է ԵՄ «Ռազմավարական կողմնացույց»: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Բորելը չի հիշատակել հոլանդացի լրագրողի հետ կապված միջադեպը, բայց նշել է, որ «Ռազմավարական կողմնացույցը» ստեղծվում է ԵՄ բոլոր պետությունների հետախուզական ծառայությունների համատեղ տվյալների հիման վրա, ուստի այն չի հրապարակվի եւ կմնա խիստ գաղտնի փաստաթուղթ:
Մեծ է հավանականությունը, որ այս միջադեպին կհաջորդեն հետաքննություններ՝ Բրյուսելում եւ Հաագայում, որոնք կհանգեցնեն արտահոսքի համար պատասխանատու պաշտոնյաների հրաժարականների:
nieuws: ik kreeg toegang tot een geheim online overleg tussen de Europese ministers van Defensie van de 27 landen.
— Daniël Verlaan (@danielverlaan) November 20, 2020
Minister Bijleveld deelde een foto van de meeting met een deel van de pincode, die met een paar pogingen kon worden geraden.https://t.co/sSOOMWPIHK pic.twitter.com/NLO3SpBsPb





























