Վրաստանից Ռուսաստան տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (վրացական ռազմական ճանապարհը) միջազգային ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի (Խաչանցք) հատվածի երթեւեկությունը բաց է մեքենաների համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրապետության տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությանը։

Նոյեմբերի 18-ի երեկոյից ձյան առատ տեղումների պատճառով այս հատվածի անցումը փակվել էր նախ ծանր բեռնատարների համար, իսկ ավելի ուշ նույն օրը` ձնահյուսերի վտանգի պատճառով նաեւ բոլոր այլ տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես ասել են գերատեսչությունում, ձնահյուսի վտանգը վերացնելու եւ մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունն այժմ ազատ է մարդատար ավտոմեքենաների համար:

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ կցորդով եւ կիսակցորդով փոխադրամիջոցների համար այս հատվածում անցումն արգելվում է, իսկ տրանսպորտի այլ տեսակների համար այն ազատ է:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության առաջարկության համաձայն, Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահյուսով պաշտպանված թունելների միջոցով:

Այս ռեժիմով երթեւեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո, նախազգուշացնում է վարչությունը:

Վրացական ռազմական մայրուղին ներկայումս միակ ցամաքային ուղին է, որը Ռուսաստանին է միացնում ոչ միայն Վրաստանը, այլեւ՝ Հայաստանը: