Իրանի խորհրդարանի անդամները դատապարտել են Բաքվի զորահանդեսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, գրում է Mehr-ը:

Խորհրդարանականների հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահի հռետորաբանությունը խաթարում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ օրը կանչել էր Անկարայում Իրանի դեսպանին:

Ըստ նրա տվյալների՝ իրանցի դիվանագետին փոխանցվել է Անկարայի արձագանքը՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «անհիմն մեղադրանքներին»:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը կանչել էր Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ կապված Բաքվում թուրքական հանրապետության նախագահի հայտարարության հետ: Նրան ասել էին, որ «տարածքային պահանջների եւ ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ հետեւում է մնացել»:

Հինգշաբթի օրը Էրդողանը, ելույթ ունենալով Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված Բաքվի զորահանդեսում, արտասանել էր Արազ գետը հիշատակող բանաստեղծության տողերը: Խոսքը այն մասին էր, որ «գետը ուժով բաժանվել է» երկրների միջեւ: