ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ որոնել՝ հաշվի առնելով կողմերի կամքը: Այս մասին շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ [կարգավորում]՝ համաձայն կողմերի կամքի: <...> Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման հավաքական ստեղծման համար: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին՝ մնացած բոլոր հարցերի շուրջ, դա ամբողջովին կախված կլինի ձեզանից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցումային փուլում ենք, եւ ապագայի ծրագրերը կարող են մշակվել»,- ասել է դիվանագետը:
Վիսկոնտին ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ողջունում է Ղարաբաղում հրադադարի ռեժիմը, «որը վերջ է դրել պատերազմին»: «Մենք շատ դրական ենք վերաբերվում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված համաձայնության բոլոր դրույթներին»,- ասել է ֆրանսիացի համանախագահը:
Ալիեւը շաբաթ օրը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին եւ Էնդրյու Շեֆերին: Ընդունելությանը մասնակցել են նաեւ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:





























