Google-ը թույլ է տվել իր աշխատակիցներին մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր տանից աշխատել, հաղորդում է The New York Times-ը: 2020-ի մարտին Google-ն առաջին խոշոր տեխնոլոգիական ընկերություններից մեկն էր, որն իր անձնակազմին տեղափոխել էր հեռավար աշխատանքի: Ի սկզբանե ենթադրվում էր, որ հեռավար աշխատանքը կշարունակվի մինչեւ 2021 թվականի հունվար: Ավելի ուշ ընկերությունը նախազգուշացրել էր աշխատակիցներին, որ նրանք պետք է ծրագրեն վերադառնալ գրասենյակներ հուլիսից ոչ շուտ:

Այժմ Google-ը դիտարկում է «ճկուն աշխատանքային շաբաթ» գաղափարը, որը կարող է ներդրվել այն բանից հետո, երբ աշխատակիցները կարողանան անվտանգ վերադառնալ գրասենյակ: Պիլոտային նախագիծը նախատեսում է, որ Google ի աշխատակիցները շաբաթը առնվազն երեք օր կաշխատեն գրասենյակում, իսկ մնացած օրերը՝ տանից:

«Մենք ստուգում ենք այն վարկածը, որ աշխատանքի ճկուն մոդելը կհանգեցնի ավելի մեծ արտադրողականության, համագործակցության եւ բարեկեցության»,- աշխատակիցներին ուղղված նամակում գրել է Alphabet-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը: Նա ընդգծել է, որ առայժմ այս չափի ոչ մի ընկերություն դեռ չի անցել լիովին հիբրիդային գործող մոդելի, «այնպես որ հետաքրքիր կլինի փորձել»,- նշել է Forbes- ը:

Աշխատանքի հիբրիդային մոդելի ներդրման ժամանակը դեռ որոշված չէ, քանի որ տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տարբեր է: Այս մոդելը դժվար թե կիրառվի Google-ի աշխատակիցների համար, ովքեր հաճախորդների հետ շատ են աշխատում, եւ Google-ի տվյալների կենտրոնի ու լաբորատորիաների աշխատակիցների համար: