Սինգապուրը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի օգտագործմանը, եւ առաջին խմբաքանակը երկիր կժամանի մինչեւ այս ամսվա վերջը: Այս մասին հայտարարել է վարչապետ Լի Սյան Լունը, հայտնում է AP-ը:

Նրա խոսքով՝ իշխանությունները պատվաստանյութերի համար ավելի քան 1 միլիարդ սինգապուրյան դոլար (750 միլիոն ԱՄՆ դոլար) են հատկացրել՝ պատվաստանյութեր արտադրողների, ներառյալ Pfizer-BioNTech-ի, Moderna Inc.-ի եւ չինական Sinovac-ի հետ նախնական գնման պայմանագրեր կնքելով:

«Գիտական ապացույցներն ու կլինիկական փորձարկումների տվյալները ուսումնասիրելուց հետո Հանրային առողջապահության վարչությունը հաստատել է Pfizer-BioNTech պատվաստանյութը օգտագործման համար,- ասել է նա,- Մենք նաեւ ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին այլ պատվաստանյութեր էլ կհայտնվեն: Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, մենք 2021 թվականի երրորդ եռամսյակում կունենանք բավարար պատվաստանյութեր բոլորի համար»:

Նա նշել է, որ պատվաստանյութերը կներդրվեն կամավորության սկզբունքով եւ անվճար կլինեն քաղաքացիների եւ մշտական բնակիչների համար: