Մենք պետք է բոլորովին այլ տնտեսական համակարգ կառուցենք, մոտավորապես` այնպիսին, ինչպիսին Իսրայելում է, այսինքն` բարձր տեխնոլոգիական, ռազմական, մոբիլիզացիոն ուղղվածության, սեփական, այդ թվում` ռազմական, արտադրանքի արտահանման հնարավորությամբ: Հայաստանում այդ ներուժը միշտ եղել է եւ կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
Նրա խոսքով` կարեւոր է արտոնություններ սահմանել այն ոլորտների եւ ընկերությունների համար, որոնք իրական աշխատատեղեր են ապահովում, ինչպես նաեւ ռազմառազմավարական նշանակություն ունեն:
«Համոզված եմ, որ Հայաստանն ի վիճակի է արտադրել նույն ԱԹՍ-ները, որի նմուշները մեր երկրում հայտնվել են դեռ տասը տարի առաջ: Նորարարական ոլորտի առեւտրայնացումը եւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը կենսական նշանակություն ունեն»,- ասել է նա:
Փորձագետը պնդում է, որ այդպիսի տնտեսական քաղաքականություն վարելու համար ռեսուրսներ կան. դրանք պարզապես պետք է պատշաճ կերպով բաշխել եւ զինամթերքի արտահանող երկիր դառնալ:
Որպես տնտեսական քաղաքականության ոլորտի գերակա խնդիրների լուծում` Մարգարյանն առաջարկեց.
«1) ռեսուրսային ներուժի ոլորտում (օրինակ` մետաղի արդյունահանման եւ վերամշակման) անհրաժեշտ է պետության մասնակցության ռեժիմ ներդնել, մեծացնել պետության մասնաբաժինը համապատասխան ընկերություններում,
2) արմատապես վերանայել հարկային քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում. ռեսուրսային վարձույթից ստացված եկամուտները պետք է ամբողջությամբ մուտքագրվեն պետական բյուջե,
3) պետությունը պետք է մասնաբաժին ունենա ներմուծվող ֆոնդային ապրանքների շրջանառությունից, որոնք տարիներ շարունակ «ստվերից» գերշահույթ են ապահովել մոնոպոլիստների համար: Այդպիսի ապրանքների թվում են հացահատիկային մշակաբույսերը, դիզելային վառելիքը եւ բենզինը, դեղամիջոցները, շաքարը, սուրճը եւ այլն,
4) տարբերակված հարկային քաղաքականություն վարել. արտոնություններ տրամադրել այն ընկերություններին եւ տնտեսության ոլորտներին, որոնք առաջնային նշանակություն ունեն: Օրինակ, դա վերաբերում է ռազմարդյունաբերական համալիրին: Հարկերը պետք է կառուցվածքային քաղաքականության ներդրման միջոց դառնան,
5) բարեփոխումներ իրականացնել բնական մենաշնորհների ոլորտում (էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կապի համակարգեր), որոնք ուղղված կլինեն այդ ոլորտներում գերշահույթ ստանալու ավանդույթի «կոտրմանը»: Դա թույլ կտա նվազեցնել էներգետիկ ռեսուրսների գները, ինչը կբարձրացնի տնտեսության մրցունակությունը:
6) հիմնարար բարեփոխումներ իրականացնել դրամավարկային ոլորտում, որոնք ուղղված կլինեն տոկոսադրույքների իջեցմանը, ինչը կապահովի բիզնեսի հասանելիությունը «էժան» ֆինանսական ռեսուրսներին:
Կենտրոնական բանկը, ըստ էության, դարձել է պետություն պետության մեջ: Պարադոք է, սակայն վերջին 20 տարվա ընթացքում բոլոր ֆինանսական ճգնաժամերի ընթացքում Հայաստանում ոչ մի բանկ չի սնանկացել: Այդպիսի բան չի լինում նույնիսկ ամենազարգացած երկրներում: Այս ֆոնին տնտեսության համար ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը տարեցտարի սահմանափակվում է»:
Փորձագետն ընդգծեց, որ քանի որ ներկայիս քաղաքական թիմն իշխանությունը պահպանելու շանս չունի, այս բոլոր խնդիրների լուծմամբ պետք է զբաղվի ապագա կառավարությունը:





























