Բրիտանական Guardian թերթը գրում է երկու տարեց հայի մասին, որոնք գլխատվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից:
«Ճանաչվել են երկու տարեց տղամարդիկ, որոնց գլխատել են ադրբեջանցի զինծառայողներն ու լայնորեն տարածել տեսահոլովակները մեսինջերներում:
Համագյուղացիների խոսքով՝ այդ տղամարդիկ չեն մասնակցել մարտական գործողություններին: Նրանք գլխատվել են ադրբեջանական ուժերի զինվորական համազգեստը կրող մարդկանց կողմից: Սպանությունների մասին կարճ սարսափազդու տեսանյութերն ամենավատն են դաժան վերաբերմունքի, խոշտանգումների եւ սպանությունների մասին տեսանյութերի շրջանում, որոնք շարունակել են հայտնվել Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար հայտարարելուց ավելի քան մեկ ամիս անց:
Գյուղի բնակիչները Guardian-ին տված հարցազրույցում հաստատում են, որ սպանվածները նրանց համագյուղացիներն են, իսկ Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանն ու երկու հայ իրավապաշտպաններ նախապատրաստում են քրեական գործ փաստի առթիվ:
Guardian-ը նաեւ հաստատել է զոհերից մեկի ինքնությունը վերջինիս բարեկամի միջոցով:
Նոյեմբերի 22-ին եւ դեկտեմբերի 3-ին համացանցում հրապարակված տեսանյութերում ադրբեջանական զինվորական համազգեստով անձինք բռնել եւ գլխատում են տղամարդուն դանակով: Այնուհետեւ գլուխը դնում են մահացած մարմնի վրա: «Ահա այսպես ենք մենք վրեժ լուծում՝ նրանց գլխատելով»,-լսվում է կադրի հետեւում:
Լեռնային Ղարաբաղի Մադաթաշեն գյուղի բնակիչը ճանաչել է 69-ամյա Գենադի Պետրոսյանին, որը տեղափոխվել էր գյուղ 1980-ականներին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից:
Տեղի դպրոցի տնօրեն Գայանե Պետրոսյանը (ազգական չէ) ապրել է Պետրոսյանի համեստ երկուսենյականոց տան հարեւանությամբ: Նա պատմել է, որ իր հայրն օգնել է տեղադրել գյուղում էլեկտրական համակարգը: «Ես կարող եմ հստակ տեսնել նրա դեմքն ու ճանաչել եմ նրան»,-ասել է նա՝ խոսելով տեսանյութերի մասին: Guardian-ը նաեւ տեսել է Պետրոսյանի լուսանկարը, որը շատ նման էր տեսանյութում զոհին:
Գենադի Պետրոսյանն ապրել է միայնակ եւ չի ցանկացել լքել գյուղը, երբ ադրբեջանական ուժերը սկսել են մոտենալ: Երբ հարեւանը փորձել է տանել նրան, վերջինս դուրս է եկել մեքենայից եւ վերադարձել տուն:
Էդուարդ Հայրապետյանը՝ գյուղապետը, ասել է, որ ճանաչել է Պետրոսյանին ավելի քան երեսուն տարի եւ համարում է նրան իր ընտանիքի մտերիմ ընկերը: Վերջին անգամ Պետրոսյանը զանգահարել է նրան հոկտեմբերի 28-ի առավոտյան եւ հայտնել, որ տեսել է գյուղում հակառակորդի ուժերը: Այնուհետեւ՝ մի քանի շաբաթ լռությունից հետո, հայտնվել է տեսանյութը:
Ղարաբաղի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն ասել է, որ Պետրոսյանը նույնականացվել է տարածաշրջանում 35 անհետ կորածների մասին հաղորդագրություններն ուսումնասիրելու եւ ծանոթներին դիմելու միջոցով, որոնք հաստատել են նրա ինքնությունը:
Նա կոչ է արել միջազգային հանրությանն ակտիվացնել հակամարտության հետեւանքով ռազմական հանցագործությունների հետաքննությունը: «Արեւմտյան երկրները պահպանում են լռություն եւ չեն ձեռնարկում գործնական քայլեր»,-ասել է նա: «Նրանք ունեն պարտականություններ եւ լծակներ այդ մասին խոսելու համար… Մենք չենք տեսնում որեւէ արդյունք, մենք չենք տեսնում նրանց կողմից որեւէ գործընթաց»:
Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը նույնպես հաստատել է Պետրոսյանի անձն ու ասել, որ նա եւ իր գործընկեր Արտակ Զեյնալյանը նախապատրաստել են քրեական հետաքննություն սպանության փաստի առթիվ:
«Հուզական առումով ծանր է դիտել տեսանյութը: Պրոֆեսիոնալ տեսանկյունից դա կարող է լինել շատ օգտակար ապացույց»,-ասել է Սահակյանը՝ նախազգուշացնելով, որ նրանք պետք է մանրակրկիտ ստուգեն տեսանյութերը համոզվելու համար, որ դրանք կեղծված չեն:
Դիտված տեսանյութերի մի մասն ու ամենասարսափելիներն ամենաբարդն էր հաստատել: Դեկտեմբերի 7-ին Telegram-ալիքում տեղադրված տեսանյութում երեւում է՝ ինչպես են ադրբեջանական զինվորականների համազգեստով երկու զինվոր հենել ծառին: Մյուս զինվորը փոխանցում է հարձակվողներից մեկին դանակ, որով մյուս զինվորը սկսում է կտրել զոհի պարանոցը: Զոհի գլուխը սկսում է առանձնանալ պարանոցից նախքան տեսանյութի ավարտը:
Ազոխ գյուղի երեք բնակիչ ճանաչել են այդ տեսանյութում 82-ամյա Յուրի Ասրյանին, որը հրաժարվել էր լքել գյուղը հոկտեմբերի 20-ին՝ ադրբեջանական զորքերի մոտենալու ժամանակ:
«Նա քիչ էր շփվում ուրիշների հետ: Նա պարզապես հրաժարվել էր հեռանալ»,-ասել է նախկին գյուղապետը: Նա չի բացառել, որ, հնարավոր է, Ասրյանը լիովին չէր հասկանում՝ ինչ է տեղի ունենում:
Ասրյանի ճակատագրի մասին լուրեր չկային, քանի դեռ անցած շաբաթ սոցիալական ցանցերում չէր տարածվել 29-վայրկյանանոց տեսանյութը, այդ թվում՝ հակամարտության արյունալի կադրերը հեռարձակող Telegram-ալիքներում:
Ներկայիս գյուղապետ Արայիկ Ազումանյանն ասել է. «Ինձ զանգել են գյուղից բազմաթիվ մարդիկ, եւ նաեւ մարդիկ, որոնք տեղափոխվել են գյուղից Հայաստան տարիներ առաջ, եւ ասել են, որ նա նման է Ասրյանին տեսանյութում»: Նրա տարեց քույրը, որը ժամանակ առ ժամանակ տեսակցում էր նրան, գիտի, որ Ասրյանը մահացել է, սակայն չի տեսել տեսանյութը: Ասրյանի զարմուհին նույնպես հաստատել է Guardian-ին, որ տեսանյութում հենց նա էր:
Համացանցում չարաշահումների մասին հարյուրավոր տեսանյութեր կան: Սահակյանն ասել է, որ իր գործընկերների հետ տեսել է հայ զինվորների եւ քաղաքացիական անձանց 75 գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այդ թվում՝ տեսաապացույցներ ունեցող 35 գործ:
Տեսանյութերից մեկում Կամո Մանասյան անունով գյուղաբնակին ծեծում են ոտքերով, նրա աջ աչքից արյուն է հոսում: «Քանի՞ հոգի եք այստեղ»,-ուժեղ ակցենտով ռուսերեն բղավում է կադրի հետեւում տղամարդը՝ ինքնաձիգն ուղղելով Մանասյին գլխին: «Սպանիր ինձ, եթե կուզես»,-պատասխանում է Մանասյանը: Փոխարենը տղամարդը հարվածում է ինքնաձիգով:
«Բարդ էր դիտել այդ տեսանյութը»,-ասել է նրա զարմիկ գագիկը: «Ես կարծում եմ, որ նրանք պարզապես ցանկանում են ցուցադրել իրենց հաջողությունն այդ պատերազմում եւ նվաստացնել հայերին իրենց հաղթանակը ցույց տալու համար»:
Մանասյանի քույրը՝ Նորան, չի կարող դիտել տեսանյութը: «Ես ցանկանում եմ, որ ռազմագերիները վերադառնան հնարավորինս շուտ»,- լաց լինելով ասել է նա: «Ես խաղաղություն եմ ցանկանում»:
Պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին պնդումները պատմելու խնդրանքին Եվրայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարն ասել է. «Տվյալ փուլում մենք կարող ենք միայն ասել, որ Հանձնակատարը ստացել է տեսանյութերն ու այլ նյութերը, որոնցում խոսվում է մարդու իրավունքների խախտումների մասին: Նախքան հրապարակավ հայտարարելը նա ցանկանում է գնահատել իրավիճակն ամբողջովին: Շուտով նա պատրաստվում է ժամանել տարածաշրջան»:





























