Դրամի փոխարժեքի նվազման հետ միասին աճում են արժեզրկման ռիսկերը, եւ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման դրույքաչափի բարձրացումը սառեցնում է տնտեսական ակտիվությունը, ինչը պետք է ազդի գնաճի վրա: Այդ մասին դեկտեմբերի 16-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը:

Նրա խոսքով՝ դա դասական տարբերակ է, որը կիրառում են շատ երկրներ, սակայն, այդ միջոցը պետք է կիրառվի կարճաժամկետ հեռանկարում, քանի որ այն հանգեցնում է վարկային միջոցների «թանկացմանը», ինչը սահմանափակում է ներդրումային հնարավորությունները:

«Ձեւավորվել են կարճաժամկետ ինֆլյացիոն սպասելիքներ՝ կապված արտաժույթների փոխարժեքի տատանման եւ դրամի արժեզրկման հետ»: Հասարակության շրջանում կան մտահոգություններ, մարդիկ դրամը փոխում են դոլարով: Երբ այդ տրամադրություններն անցնեն, ԿԲ-ն կրկին կնվազեցնի վերաֆինանսավորման դրույքաչափը, որպեսզի «էժանացնի» վարկերն ու խթանի ներդրումները:  Դրամի փոխարժեքը թուլացնելու համար լուրջ նախադրյալներ չկան, իսկ ներկայիս ցուցանիշները կապված են հասարակության մեջ ակնկալիքների հետ, խորանում է տնտեսական ճգնաժամը, ծագել է ռազմական իրավիճակի կապակցությամբ մեծ ծախսերի անհրաժեշտություն: Այդ առումով առաջանում են մտավախություններ, որ դրամը կարող է աչժեզրկվել: Կրկնեմ, որ հիմնարար ռիսկեր, որ ֆինանսական շուկան կարող է ապակայունանալ, չկան: Ուստի այդ իրավիճակը կկրի կարճաժամկետ բնույթ, քանի որ փոխարժեքի իրական պահանջարկն ու առաջարկը բալանսավորված են: Ինչ վերաբերում է գնաճին, ապա այդտեղ շուկան եւս բալանսավորված է: Իհրակե, որոշ ապրանքների պահանջարկը նվազել է, սակայն դա կանխատեսելի էր, եւ նույնպես կկրի կարճաժամկետ բնույթ»,-ընդգծել է փորձագետը:

Ադոնցը համոզմունք է հայտնել, որ այդ հարցերում խնդիրներ չկան, իսկ տնտեսական քաղաքականության, ծախսերի աճի կապակցությամբ բյուջետային ֆինանսավորման, արտաքին ռեսուրսների ներգրավման տեսանկյունից խնդիրներ կան:

«ԿԲ-ն պրոֆեսիոնալ աշխատանք է վարում, հստակ կատարում է իր պարտականությունները, բանկային ոլորտում ճգնաժամի ռիսկ չկա, առավելեւս, որ փոխարժեքի փոխանակման եւ քաղաքացիների կողմից դեպոզիտային հաշիվները հանելու ֆոնին բանկերը շահում են»,-եզրակացրել է տնտեսագետը:

Հիշեցնենք, որ Հայաստաի Կենտրոնական բանկի Խորհուրդը դեկտեմբերի 15-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել բարձրացնել  վերաֆինանսավորման դրույքաչափը 1 տոկոսային դրույթով եւ այն հաստատել 5.25 տոկոսի մակարդակում:

Նշենք, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների սկզբից հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է շուրջ 30 դրամով: