ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը, ամենայն հավանականությամբ, նոր կորոնավիրուսի դեմ կպատվաստվի հաջորդ շաբաթվա սկզբին, հայտնում է СNN-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ քաղաքական գործչին, հավանաբար, կպատվաստեն հրապարակայնորեն: Ընթացիկ ամսվա սկզբին դեմոկրատը հայտարարել էր, որ դրան պատրաստ է: Բայդենն այդ ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ «ամերիկացիները կորցնում են հավատը պատվաստանյութի արդյունավետության նկատմամբ»: Դեմոկրատը նշել էր, որ հրապարակային պատվաստման միջոցով կկարողանար համաքաղաքացիներին օրինակ ծառայել:
Անցյալ շաբաթ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությունը հավանություն էր տվել BioNTech եւ Pfizer ընկերությունների հայտերին արտակարգ հանգամանքներում արագացված ընթացակարգով իրենց պատվաստանյութի գրանցման մասին:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 16,9 մլն դեպք, մահացել է 307 հազարից ավելին: Երկիրը երկու ցուցանիշներով էլ աշխարհում առաջին տեղում է:





























