ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի ապագա վարչակազմի հնարավոր հրաժարվելը ամերիկա-մեքսիկական սահմանին պատնեշի կառուցումից բյուջեին թույլ կտա տնտեսել 2,6 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը, որը վերլուծել է սահմանապահ շինության կառուցման ծախսերը:
Պարբերականը նշում է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ 15 մլրդ դոլար է ստացել պատնեշի կառուցման համար, ինչը բավական է 1,2 հազար կմ երկարությամբ հատվածի կառուցումն ավարտելու համար: Իշխանությունների գնահատականներով՝ այս տարվա ավարտին պատնեշի երկարությունը կկազմի շուրջ 724,2 կմ:
Հունվարի 20-ին Բայդենի երդմնակալությունից հետո պատնեշի կառուցման համար ստեղծված հիմնադրամում կլինի, պարբերականի հաշվարկով, 3,3 մլրդ դոլար: Սակայն եթե նոր նախագահն անմիջապես լուծարի շինարարական ընկերությունների հետ պայմանագրերը, ապա այդ ընկերություններին ստիպված կլինեն վճարել մոտ 700 մլն դոլար: Հետեւաբար բյուջեին կհաջողվի տնտեսել 2,6 մլրդ դոլար:
Բայդենն այս ամառ լրագրողներին ասել էր, որ չի պատրաստվում ավարտել Մեքսիկայի սահմանին պատնեշի կառուցումը, որի երկարությունը հասնում է 3,14 հազար կմ-ի:





























