Կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը փորձագետների խմբի հավանությունը ստանալուց հետո շուտով կհաստատվի ԱՄՆ-ում կիրառելու համար, փոխանցում է BBC-ն: 

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման վարչության ղեկավար Սթիվեն Հանը հայտարարել է, որ գերատեսչությունն արագ հավանություն կտա Moderna ընկերության պատվաստանյութին՝ ընկերությանը թույլ տալով սկսել միլիոնավոր դեղաչափերի մատակարարման գործընթացը:

Դրանից մի քանի օր առաջ երկրում հավանություն էին տվել Pfizer եւ BioNTech ընկերությունների կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառմանը:

Վարչությունից Moderna ընկերությանը հայտնել են, որ իրենք օպերատիվորեն աշխատելու են վերջնամշակման եւ պատվաստանյութի օգտագործման թույլտվություն տալու ուղղությամբ:

Կարգավորողներն ավելի վաղ հայտնել էին Moderna ընկերության պատվաստանյութի 94 տոկոս արդյունավետության մասին:

ԱՄՆ-ն համաձայնվել է գնել 200 մլն դեղաչափ, եւս 6 մլն դեղաչափ մատակարարման համար պատրաստ կլինի պատվաստանյութի հավանություն ստանալուց հետո:

Նշվում է, որ Moderna ընկերության պատվաստանյութը մատակարարելու ժամանակ պետք է ունենա մոտ -20С ջերմաստիճան, ընդ որում՝ Pfizer-ի պատվաստանյութի ջերմաստիճանը պետք է մոտ լինի -75С-ին, ինչը դրա մատակարարման գործընթացը ավելի է դժվարեցնում: